Home / Առողջապահություն / 20 տարի գողանալ և պլստալ․ Վանաձորի Դարբինյանն ու ԽԾԲ-ն

20 տարի գողանալ և պլստալ․ Վանաձորի Դարբինյանն ու ԽԾԲ-ն

18 տարի Վանաձորը ղեկավարած և քաղաքի մի նախանձելի հատված այդ ընթացքում սեփականած Սամվել Դարբինյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվի։ Նախկին քաղաքապետի նկատմամբ հարուցված քրգործը հոկտեմբերի 18-ին վերջապես մտել է դատարան, իսկ 4 օր անց՝ կարճվել։ Հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետի լրանալու հիմքով։ Վաղեմության ժամկետը լրացել է ավելի քան երկու տարի տևած (նախա)քննության ընթացքում։

Վանաձորցի ակտիվիստ, իրավապաշտպան Գևորք Քոթանջյանը նկատում է՝ համայնքային ունեցվածքի ապօրինի սեփականացման գործերը, արդեն որպես օրինաչափություն, դատարանում են հայտնվում կարճվելու համար, և հիշեցնում քաղաքապետ Դարբինյանի, նրա ընտանիքի անդամների, մերձավոր բարեկամների և այլ մտերիմների մասնավոր սեփականությանն անցած հրապարակների, շատրվանների, շենքերի մասին․․․

Շատրվանները, արտադրամասը, կենտրոնի շենքը՝ որդուն, խնամուն, հորեղբոր թոռանը

Դեռևս 2004 թվականին քաղաքապետ Սամվել Դարբինյանը հաջողացրել էր Վանաձորի կենտրոնական հրապարակի տարածքները (չնչին գումարի դիմաց) տալ իր որդուն և խնամուն՝ վարձակալության։ Ավելի ուշ վարձակալության իրավունքը դարձել էր սեփականության իրավունք․ քաղաքապետարանին և Լոռու մարզպետարանին հարակից շուրջ 1100 քառակուսի մետր տարածքները, այսպիսով, վերածվել էին Դարբինյանների ընտանեկան գույքի։

Խոսքը Հայքի հրապարակի շատրվանների մասին է, որոնք ի միջի այլոց ներառված են Հայաստանի հուշարձանների ցանկում։


Սամվել Դարբինյան՝ շինարար, նախկին քաղաքապետ

Քաղաքապետի որդին, որը, ի թիվս այլի, տիրացել է հրապարակի 850 քառակուսի մետրին, Աղասի Դարբինյանն է՝ դատավոր։ 2018 թվականի փետրվարից զբաղեցնում է Հայաստանի վարչական դատարանի նախագահի պաշտոնը։


Աղասի Դարբինյանը՝ Սամվել Դարբինյանի որդի, դատավար, Վարչական դատարանի նախագահ

Հրապարակի սեփականված տարածքների մի մասը Դարբինյանի վերոհիշյալ որդին և խնամին հետագայում նվիրաբերել են նրա հորեղբոր թոռանը, այսինքն՝ նախկին փոխմարզպետ Արսեն Դարբինյանի որդուն՝ Հարություն Դարբինյանին, ով, ի դեպ, Պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյա է՝ ՊԵԿ կազմակերպման եւ հսկողության վարչության հարկային հսկողության բաժնի պետ։

2018 թվականին «Ուղիղ ժողովրդավարություն» վանաձորյան կազմակերպության նախագահ Գևորգ Քոթանջյանը հաղորդում էր ներկայացրել դատախազություն․ հրապարակի սեփականացված տարածքներից բացի, նյութեր էին փոխանցվել նաև մշակույթի նախկին պալատի ապօրինի օտարման, նախկին արտադրամասի յուրացման, «Արցախ» պուրակի զավթման մասին։

«Մի քանի քրեական գործ էր հարուցվել։ Քրեական գործերից մեկը, որը արդեն կարճվել է, 5 տարբեր տարածքների էր վերաբերում։ Այստեղ, նախ, Հայքի հրապարակի երկու շատրվանների տարածքներն էին․ դրանցից մեկը բաժին է հասել Դարբինյանի որդուն, մյուսը՝ հորեղբոր թոռանը։ 

Շատրվանները ներառված են պետական հուշարձանների ցանկում, բայց օտարվել են որպես «գյուղատնտեսական նշանակության հողամաս»։ Դարբինյանի որդին և հորեղբոր թոռն այստեղ նախատեսում էին սրճարան սարքել, ինչը ձախողվեց։

Երրորդ տարածքը Թևոսյան փողոցում է՝  ժամանակին արտադրամասի տարաքծ է եղել։ Սա ևս օտարվել է։ Մյուս տարածքը Տիգրան Մեծ պողոտայում է՝ քաղաքի հենց կենտրոնում․․․», – Epress.am-ի հետ զրույցում պարզաբանել է Քոթանջյանը։

2018-ին, երբ Գևորգը դիմել էր դատախազություն, վաղեմության ժամկետը դեռ լրացած չէր։ Լրացել է տարիներ տևած նախաքննության ընթացքում։

«Դատախազությունն ասում է՝ փորձագիտական եզրակացություն է պետք, պրոցեսը տարիներ է ձգվում և, արդեն որպես օրինաչափություն, դատարան է մտնում, երբ հնարավոր է վաղեմության ժամկետի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել», – ասում է իրավապաշտպանը։

Սա նշանակում է, որ նախկին քաղաքապետը պատասխանատվության չի ենթարկվի (մեղադրվում էր «պաշտոնեական դիրքը չարաշահելու», «փաստաթղթեր կեղծելու» և այլնի մեջ)։ Բայց դեռ չի նշանակում, որ զավթված տարածքները չեն վերադարձվի․ «Հիմա նոր պրոցես է սկսվելու։ Վանաձորի համայնքապետարանն իբրև տուժող կարող է այդ տարածքների հետվերադարձի պահանջ ներկայացնել։ Որքան գիտեմ՝ առաջիկայում դիմելու են դատարան։ Նախատեսվում է, որ տարածքները կվերադարձվեն համայնքին»։

Մշակույթի պալատը՝ աներոջից աներձագին

Սամվել Դարբինյանի օրոք նրա քրոջ փեսայի օգտին է օտարվել նաև մշակույթի տան («Հորովել» համույթի) նախկին շենքը։ 

Դարբինյանի քրոջ ամուսինը՝ Տիգրան Պապանյանը, Վանաձորի գլխավոր ճարտարապետն էր։ Օտարման նախագիծը հենց ինքն է հեղինակել և ներկայացրել։ Ավագանին էլ հաստատել է։ 

Քաղաքի կենտրոնում գտնվող 600 քառակուսի մետրանոց շենքը օտարվել է ընդամենը 10 միլիոն դրամով (շուրջ 21 հազար դոլար) և բաժին հասել նրա իսկ փեսային՝ Էրնեստ Գևորգյանին։

«Խոսակցույթուններ են շրջանառվում, որ մշակույթի պալատի այս շենքը դառնալու է «Երևան Սիթի» սուպերմարկետ․ հենց հիմա այնտեղ լայնամասշտաբ շինարարություն է ընթանում, բավականին մեծ գումարներ են ծախսվում։ 

Հիմա հարց է առաջանում՝ երբ որ շենքը վերանորոգվի և այնտեղ, օրինակ, «Երևան Սիթի» բացվի, արդյո՞ք համայնքը այն հետ կվերցնի», – ասում է Քոթանջյանը։


Տիգրան Պապանյան՝ Սամվել Դարբինյանի քրոջ ամուսին, Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի նախկին պետ

Մշակույթի տան գործն առ ասյօր դատարան չի մտել։

«Այդ 5 տարածքների վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը կայացվել և գործը դատարան է մտել այն ժամանակ, երբ վաղեմության ժամկետով արդեն հնարավոր էր այն կարճել։ Մշակույթի տան մասով եզրակացություն առ այսօր չկա, թեև հաղորդումները միաժամանակ են ներկայացվել․․․ Արդեն շուրջ երեք տարի է անցել։ Վաղեմության ժամկետը այստեղ 2022-ի գարնանն է լրանում։ Այսինքն` եթե մինչ այդ փորձագիտական եզրակացությունը չլինի, գործը չմտի դատարան, այն, ամենայն հավանականությամբ, նույնպես կկասեցվի»։

Սամվել Դարբինյանը Վանաձորի քաղաքապետ է եղել 1999-ից մինչև 2017 թվականը։ Ծնվել է շինարարների ընտանիքում։ Գերազանցությամբ ավարտել է շինտեխնիկումը։ Ավարտել է նաև պոլիտեխի Կիրովականի մասնաճյուղի շինարարական ֆակուլտետը։ Աշխատել է շինարար, շինտեղամասի պետ, շինվարչության պետ։ 1999 թվականի իշխանափոխությունից ամիսներ անց դարձել է Վանաձորի քաղաքապետ։ Հայտնի է Վանաձորի ճանապարհների «փոսանորոգմամբ», որ ամեն տարի բյուջետային հսկայական հատկացումների դիմաց չէին իրականացնում նրան և նրա եղբորը պատկանող ընկերությունները։ Դարբինյանը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է(ր)։ Վերջին տարիներին քաղաքական դաշտում չէր երևում։ Ակտիվ քաղաքականություն է վերադարձել 2021 թվականին․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին նա գլխավորում էր Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի մարզային քարոզարշավը։