Լոռու մարզի դատախազության ներքո գտնվող քրեական գործերից մեկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռևս 2007թ. փետրվարի 23-ին Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանի որոշմամբ մի ՍՊԸ-ի է հանձնվել մասնավորեցման ոչ ենթակա, Լոռու մարզի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված «Արցախ» պուրակի տարածքը:
Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել Վանաձոր համայնքի ղեկավարին՝ քննարկելու օրենքի խախտմամբ ընդունված ոչ իրավաչափ վարչական այդ ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու հարցը, հայտնում է դատախազությունը։
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսին Ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի օրոք պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարածքներ սեփականաշնորհելու փաստով։
Մասնավորապես, 2004 թվականին նախկին քաղաքապետը Լոռու մարզպետարանի հարակից տարածքները չնչին գումարի դիմաց՝ հողամասի անվան տակ, տվել էր իր որդուն և խնամուն՝ վարձակալության, իսկ ավելի ուշ՝ սեփականության իրավունքով։ Սեփականաշնորհած տարածքը հետագայում նրանք նվիրաբերել էին քաղաքապետ Դարբինյանի հորեղբոր թոռանը, այսինքն՝ նախկին փոխմարզպետ Արսեն Դարբինյանի որդուն։ Խոսքը Վանաձորի կենտրոնական Հայք հրապարակի տարածքների մասին է, որոնք, ի դեպ, ներառված են Հայաստանի հուշարձանների ցանկում։
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այս գործարքում կոռուպցիոն ռիսկեր էր տեսել և դիմել իրավապահ մարմիններին, ինչի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործը։ Մարզպետի գրության հիման վրա քրեական գործեր են հարուցվել նաև քաղաքի այլ հատվածներում ահռելի տարածքների սեփականաշհման փաստերով։
Ինչպես հայտնում է Դատախազությունը, Վանաձորի կենտրոնում գտնվող «Արցախ» պուրակի տարածքը կառավարության 13.04.2006թ. որոշմամբ անհատույց, սեփականության իրավունքով փոխանցվել էր Վանաձոր համայնքին՝ որպես հասարակական կառուցապատման հողամաս։ Քննված քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հողամասի օտարման գործընթացում համայնքի ղեկավարը հիմք է ընդունել կառավարությանհենց այս որոշումը:
Ելնելով դրանից՝ նախաքննական մարմինը սկզբում եզրահանգման է եկել, որ հողամասի օտարման գործընթացում Վանաձորի համայքնապետարանի պաշտոնատար անձանց արարքում բացակայում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմը (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), և այդ հիմքով հրաժարվել է վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։
Սակայն մարզի դատախազությունում դրա վերաբերյալ քննիչի կայացրած որոշման օրինականությունն ստուգելիս և քրեական գործի նյութերին ծանոթանալիս ակնհայտ է դարձել, որ պուրակի տարածքը ՍՊԸ-ին հանձնելու վերաբերյալ վարչական ակտը համայնքի ղեկավարի կողմից ընդունվել է Հողային օրենսգրքի պահանջների խախտմամբ, ինչը կարող է հիմք հանդիսանալ հիշատակված վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու համար։
Դատախազությունը հայտնում է, որ հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ օրենքի խախտմամբ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու արդյունքում խախտվել են համայնքի իրավունքները և այդ հետևանքները շարունակել են մնալ չվերացված՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել Վանաձոր համայնքի ղեկավարին՝ քննարկելու օրենքի խախտմամբ ընդունված ոչ իրավաչափ վարչական այդ ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու հարցը և միջոցներ ձեռնարկելու նմանատիպ երևույթները բացառելու ուղղությամբ։