Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հավանություն է տվել Հելսինքյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումին՝ առաջարկելով, որպեսզի Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանը «հստակ և աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցի այն անձանցից, ում վիրավորել է»: Ներողության տեքստը պետք է տեղադրվի Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: Այս մասին հայտնում է Հելսնիկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը:
Հիշեցնենք, որ 2013 թ. փետրվարի 21-ին «Հետք» էլեկտրոնային կայքում Վանաձորի քաղաքպետ Սամվել Դարբինյանը պարզաբանել էր նախագահական ընտրությունների ընթացքում Վանաձորում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը՝ ասելով. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում»:
Լրագրողի այն հարցին, թե միգուցե ՀՀԿ տեղական կառույցներն են բացթողումներ ունեցել նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը, Վանաձոր համայնքի ղեկավարը պատասխանել էր. «Չէ, ամեն ինչ նորմալ է եղել, պարզապես ժողովուրդը չի հասկանում, էլի, ինքն ինչ պիտի է անի, որ ավելի լավ կյանքում հայտնվի: Անընդհատ ուզում է 0-ից սկսի, անընդհատ 0-ից սկսելով` միշտ գալիս է հասնում մինչև +1»:
Քաղաքապետի հայտարարությունից հետո մի խումբ վանաձորցիներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով ներողություն խնդրել, մասնավորապես, «անգիտակից» բառի համար, իսկ Արթուր Սաքունցը նույն պահանջով դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տված բացատրություններում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը նշել է, որ լրագրողի տված հարցին պատասխանելիս ոչ տեղին օգտագործել է «անգիտակից» բառը` բնավ մտադրություն չունենալով վիրավորել որևէ մեկի, առավել ևս հանրության մի մասի ինքնասիրությունը:
Լուսանկարը՝ lorinews.com