51-ամյա եղեգնաձորցի տղամարդը սպանել է քրոջ որդուն՝ ունեցվածքի բաժանման հետ կապված տարաձայնությունների պատճառով, ինչից հետո տղամարդու հայրը փորձել է սպանել նրա կնոջն ու անչափահաս երեխային (այսինքն՝ հարսին և մյուս թոռանը)։
Ըստ ՔԿ-ի՝ 51-ամյա եղեգնաձորցին ընտանեկան ունեցվածքը բաժանելու հարցի շուրջ տարաձայնություններ է ունեցել հոր, քրոջ և քրոջ որդու հետ, ինչի պատճառով ստեղծվել են լարված հարաբերություններ:
Այս տարվա ապրիլի 28-ին՝ 51-ամյա տղամարդու մոր հոգեհանգստի ժամանակ, քրոջ որդին քեռուն թույլ չի տվել մասնակցել արարողութանը, ուրիշների ներկայությամբ վիրավորել է նրան ու պահանջել հեռանալ: Չպատասխանելով վիրավորանքներին՝ տղամարդը հեռացել է և որոշել սպանել զարմիկին:
Արդեն մայիսի 1-ին նա գնացել է իր ընտանիքին պատկանող ընկերություն և իր անվամբ հաշվառված երկփողանի որսորդական հրազենով սպանել զարմիկին։ Սպանությունից անմիջապես հետո 51-ամյա տղամարդու տարեց հայրը՝ որոշելով վրեժխնդիր լինել որդուց, վերցրել է իր սեփական որսորդական հրազենն ու փամփուշտներ, և նույն օրը երեկոյան գնացել է որդու տուն, որտեղ գտնվել են որդու կինն ու անչափահաս տղան:
Հարսի եղբայրը, տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին, շտապել է քրոջ տուն և թույլ չի տվել, որ քրոջ սկեսրայրը տուն մտնի: Տարեց տղամարդը, սակայն, ձեռքին եղած հրազենը պահել է հարսի եղբոր ուղղությամբ։ Վերջինս էլ՝ բռնելով հրազենի փողից, թեքել է դրա ուղղությունը, որի ընթացքում տարեց տղամարդը կրակոց է արձակել: 51-ամյա տղամարդու հայրը փորձել է լիցքավորել հրացանն ու ավարտին հասցնել հարսին ու երկրորդ թոռանը սպանելու մտադրությունը, բայց տան բակ հասած որդուն և վերջինիս ընկերոջը հաջողվել է նրա ձեռքից վերցնել հրացանը:
51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով, իսկ վերջինիս հորը՝ 35-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) 2-րդ մասի 1-ին կետով և 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասով:
Հայրն ու որդին կալանավորվել են։