Օգոստոսի 13-ին՝ ժամը 12:20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ օգոստոսի 11-ի երեկոյան, «ինսուլտ և թոքաբորբ» ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված 59-ամյա կինը նախօրեին՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, մահացել է, որից հետո՝ դիահերձարան տեղափոխվելուց 24 ժամ անց, պարանոցի շրջանում ի հայտ են եկել կապտուկներ:
Դատաբժշկի արձանագրության համաձայն՝ կնոջ մահվան պատճառը հանդիսանում է մեխանիկական շնչահեղձությունը:
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Արմավիրի բնակիչ է՝ 23 տարեկան:
«Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը, տուժածի տանը վիճաբանություն է տեղի ունեցել կնոջ և 23-ամյա երիտասարդի միջև, որի ժամանակ երիտասարդը բռունցքներով մի քանի անգամ հարվածել է կնոջ դեմքին և գլխին, այնուհետև պարանոցին եղած թելը, որից կախված է եղել բանալի, ձգել է նրա պարանոցին, իսկ երբ զգացել է, որ կինը չի շնչում, հեռացել է:
Երիտասարդը ձերբակալվել է՝ 59-ամյա կնոջ սպանության կասկածանքով, և հարցաքննվել:
Նախաքննությունը շարունակվում է», – մասնավորապես, ասված է հաղորդագրության մեջ։