Օգոստոսի 8-ին ժամը 06:35-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկում վարձակալը դանակահարել է տան սեփականատերերին և իր սկեսրայրին, հայտնում է Քննչական կոմիտեն։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ժամին Թամանյան փողոցի տներից մեկում վարձակալական հիմունքներով բնակվող անձը, նույն տան սեփականատիրոջը և վերջինիս կնոջը դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, խոհանոցային դանակներով անկանոն հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին: Աղմուկը լսելով՝ օգնության է շտապել հարևանը, որին տեսնելով՝ վարձակալը դանակներով հարվածներ է հասցրել նաև նրա մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետև վարձակալը փորձել է դիմել փախուստի, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել:
Ստացած վնասվածքների հետևանքով տան սեփականատերը մահացել է, իսկ նրա կինն ու հարևանը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է՝ վերը նկարագրված հանցագործությունը կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում: