Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանն ու Իրինա Յոլյանը ձերբակալվել են։ Լուրը հաստատել է ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Թադևոսյանի հաղորդմամբ՝ երկու պաշտոնյաներն էլ կասկածվում են 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում) նախատեսված արարք կատարելու մեջ, իսկ Մենուա Հովսեփյանը՝ բացի դրանից, կասկածվում է նաև 149․1 հոդվածի 2-րդ մասի 1, 2 կետերով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով):
Այլ մանրամասներ ՔԿ֊ից դեռևս չեն հաղորդվում։
Հիշեցնենք՝ հուլիսին կալանավորվել էր նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որ կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը):