Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է, հաղորդել է վերջինիս փաստաբան Լուսինե Սահակյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտոնյային 2 ամսով կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։
Հուլիսի 8-ին Փարամազյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ քննչական դեպարտամենտ, իսկ հուլիսի 9-ին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 178 (խարդախություն), 311 (Կաշառք տալը), 154.2 (Ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը ) հոդվածներով։ Ք
Փարամազյանը,հիշեցնենք մեղադրվում է նաև առևանգման մեջ։ Ըստ ՔԿ-ի, անցյալ տարվա ապրիլին քաղաքում խմբակային մի ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել են նաև քաղաքապետ Մանվել Փարամազյանը ու նրա հայրը։ Ծեծկռտուքի ժամանակ քաղաքի բնակիչներից մեկը «պատասխան հարված է հասցրել» քաղաքապետի հորը. տղամարդուն պատժելու և սեփական «հեղինակությունը վերականգնելու» համար քաղաքապետը (մի խումբ մարդկանց հետ) առևանգել է նրան, ծեծել, կրակել նրա ոտքին, տեղափոխել քաղաքից դուրս ու կրկին ծեծել։ Առևանգման գործով 3 մարդ կալանավորվել էր։ Հենց Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել էր անցյալ տարվա դեկտեմբերին։
Այս գործով նախաքննությունն ավարտվել է, առաջին դատական նիստը տեղի կունենա գալիք երկուշաբթի։