Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալված է, հաղորդել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
«Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի 2-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք)»,- նշել է Թադևոսյանը:
Քրգործի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Մխիթար Զաքարյանը, հիշեցնենք, ներառված էր «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում՝ 17-րդ համարի ներքո։ Հուլիսի 9-ին նա հրաժարական էր տվել Մեղրիի քաղաքապետի պաշտոնից՝ ինչպես ինքն էր նշել՝ մանդատը վերցնելու և խորհրդարան տեղափոխվելու նպատակով։
Երեկ ԿԸՀ-ն բավարարել էր Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուն համաձայնություն տալու մասին՝ դատախազության միջնորդությունը: