Թբիլիսիում նախօրեին մահացել է վրացական TV Pirveli հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշքարավան, ով (ի թիվս մոտ 50 այլ լրագրողների) դաժան ծեծի էր ենթարկվել հուլիսի 5-ին, երբ ազգայնական և ուղղափառ ակտիվիստները զանգվածային բռնություններով փորձում էին կանխել ԼԳԲՏ+ մարդկանց Արժանապատվության երթը (Tbilisi Pride)։ Լաշքարավայի մարմինը հայտնաբերվել է կիրակի առավոտյան՝ նրա բնակարանում։ Մահվան հանգամանքները դեռևս հայտնի չեն։
Լրագրողի մահվան մասին հաղորդումներին հաջորդել են զանգվածային բողոքի ցույցերը․ հիշատակի հանրահավաքի հազարավոր մասնակիցները դուրս էին եկել Ռուսթավելի փողոց՝ պահանջելու Վրաստանի վարչապետի, ներքին գործերի նախարարի և անվտանգության ծառայության պետի հրաժարականները։ Ցույցին մասնակցում էին նաև ընդդիմադիր կուսակցությունները (այդ թվում՝ «Միացյալ ազգային շարժումը»):
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստին հայտարարել է, թե երեկվա ցույցի ընթացքում «դասական հակապետական, հակաեկեղեցական և ապազգային ուղերձներ» են հնչել, և որ դրա մասնակիցների երազանքն է պատրիարքի ձերբակալությունը։ Հուլիսի 5-ի ջարդերի համար նա մեղադրել է․․․ նախկին իշխանություններին և «ռադիկալ ընդդիմությանը» և հայտարարել, թե տեղի ունեցածը նախկին նախագահ, այժմ՝ ընդդիմադիր Միխեիլ Սաակաշվիլիի կողմից կազմակերպված դավադրության ծրագիր էր, որը չիրականացավ:
Առաջին դեմքի այս հայտարարություններին խորհրդարանական ընդդիմությունը պատասխանել է պարլամենտի նախագահի աթոռը գրավելով․ ընդդիմադիրները հայտարարել են՝ թույլ չեն տալու, որ խորհրդարանը շարունակի աշխատանքը, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել:
https://twitter.com/jelger_/status/1414522785150472193
Արժանապատվության երթին ընդառաջ Թբիլիսիի կենտրոնում, հիշեցնենք, զանգվածային ջարդեր էին սկսվել․ հուլիսի 5-ին աջ ծայրահեղականները, այդ թվում՝ ուղղափառ ակտիվիստներ և հոգևորականներ, ոստիկանների աչքի առաջ հարձակվել էին ընդդիմադիրների վրանային ճամբարի վրա, գրոհել Tbilisi Pride-ի գրասենյակը՝ ջարդուփշուր անելով կազմակերպության գույքը, և դաժան ծեծի ենթարկել մոտ 5 տասնյակ լրագրողների, որոնք փորձում էին լուսաբանել ջարդերը և ուժայինների անգործությունը։
Տուժել էին նաև պատահական անցորդներն ու զբոսաշրջիկները, որոնց ջարդարարները հետերոսեքսուալ չէին համարել։ Հաղորդվում էր, որ զբոսաշրջիկներից մեկը դանակահարվել է «ականջող կրելու» պատճառով։
Բռնությունների ֆոնին վարչապետը հայտարարել էր, թե նպատակահարմար չի գտնում Փրայդի անցկացումը, իսկ ներքին գործերի նախարարությունը՝ գործնականորեն ձախողել քաղաքացիների և լրագրողների անվտանգության ապահովումը։
Հուլիսի 11-ին մահացած օպերատոր Լեքսո Լաշքարավան այդ օրը դեմքի կոտրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
«Մենք իջնում էինք, երբ ներքևի հարկերում սարսափելի դրմփոցներ լսեցինք։ Նրանք ներխուժել էին [հասարակական կազմակերպություններից մեկի] շքամուտք։ Ես կանգնած էի աստիճաններին, ինչ-որ մեկը աստիճանների վրայով, շքամուտքի մոտից, քաշեց ինձ ու խլեց տեսախցիկս․ հարվածներ հետևից, դիմացից․․․ Ես չէի հասկանում, թե ընդհանրապես ինչ է կատարվում», – ավելի ուշ՝ BBC-ի հետ զրույցում, նշել էր Լաշկարավան։
https://twitter.com/HannaLiubakova/status/1414197770878083074
Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, 4 մարդ ձերբակալվել էր։ Վիրահատությունից հետո Լաշկարավան դուրս էր գրվել հիվանդանոցից։
Բռնությունների կազմակերպիչները, որոնց ինքնությունը, ինչպես պնդում են վրացի լրագրողները, հայտնի է, առ այսօր գտնվում են ազատության մեջ։
Վարչապետը ցավակցում է, ՆԳՆ-ն՝ ակնարկում
Լաշքարավայի մահվան հանգամանքները դեռևս հայտնի չեն։ Քրեական գործ է հարուցվել հաստիքային՝ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։ Իրավապահները հավաստիացնում են, որ քննություն է ընթանում։
Վրաստանի քրեական ոստիկանության պետ Մամուկա Ճելիձեն շեշտել է, որ ընտանիքի և հանգուցյալի շահերից ելնելով` այս փուլում ՆԳՆ-ն զերծ է մնում նախնական վարկածներ հնչեցնելուց, ինչից հետո զերծ չի մնացել ակնարկելուց, որ հետաքննության համար առաջնահերթություն է թմրանյութերով գերդոզավորման վարկածը։
Ոստիկանապետը թեև նշել է, թե չի ուզում կենտրոնանալ այս հանգամանքի վրա, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ՆԳՆ-ն նախապես որոշակի վարկածներ է հայտնում, նա, այնուամենայնիվ, կենտրոնացել և տպավորություն է ստեղծել։ Վարկածը հիմնվում է նրա վրա, որ քաղաքակում տեղադրված տեսախցիկները, ըստ պաշտոնյայի, մահվան նախորդ օրը ֆիքսել են Լաշքարավային և նրա ընկերոջը, ովքեր այցելել են Սաբուրթալոյի տարածք, ինչպես նաև երկու անգամ եղել են ծայրամասային Պոնիճալայում, որը համարվում է Վրաստանին ծանր թմրանյութերի մատակարարման ալիքներից մեկը:
Վրաստանի վարչապետը զուսպ ցավակցել է օպերատորի մահվան կապակցությամբ, ընդգծել, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել և խոստացել հանրությանը կարճ ժամկետներում ներկայացնել ամբողջական տեղեկատվությունը։
Կարմիր ներկ՝ ոստիկանների և Կառավարության շենքի վրա
Ռուսթավելի պողոտայում երեկ երեկոյան տեղի ունեցած հանրահավաքից առաջ տասնյակ ցուցարարներ փորձել էին մտնել իշխող կուսակցության գրասենյակ։ Ոստիկանությունը թույլ չէր տվել։ Նրանք կարմիր ներկ էին լցրել համազգեստավորների վրա, վերջիններս ուժով պատասխանեցին։
https://twitter.com/OCMediaorg/status/1414150528636948482
Զուգահեռաբար, խորհրդարանի նախկին պատգամավոր, «Դրոա» կազմակերպության առաջնորդ Ելենա Խոշտարիան կարմիր ներկ էր լցրել Կառավարության տան դռների վրա։
Հանրահավաքի հազարավոր մասնակիցները՝ վարչապետի և ՆԳՆ ղեկավարի հրաժարականից բացի, պահանջում էին նաև պատասխանատվության ենթարկել հուլիսի 5-ի բռնությունների կազմակերպիչներին և մասնակիցներին, լրագրողի մահվան հանգամանքները քննել՝ անկախ փորձագետների ներգրավմամբ։
https://twitter.com/ThomasVLinge/status/1414245260004311040