Home / ԼԳԲՏ+ / Ֆաշիստները խանգարեցին «Թբիլիսի Փրայդի» անցկացմանը

Ֆաշիստները խանգարեցին «Թբիլիսի Փրայդի» անցկացմանը

Թբիլիսիում այսօր տեղի չունեցավ Վրաստանի ԼԳԲՏ+ մարդկանց Արժանապատվության երթը, որը նախաձեռնել էր Tbilisi Pride կազմակերպությունը։ Պատճառը Վրաստանի աջ ծայրահեղականներն էին, այդ թվում՝ ուղղափառ ակտիվիստներ, ովքեր այսօր ավելի վաղ գրոհել են Tbilisi Pride-ի գրասենյակի վրա՝ ջարդուփշուր անելով գրասենյակի գույքը, հարձակվել լրագրողների վրա և անգամ դանակահարել մի զբոսաշրջիկի, ըստ հաղորդումների՝ ականջօղ կրելու համար։ Դանակահարության համար մեկ մարդ, ըստ OC-Media-ի, արդեն ձերբակալվել է։ Նրան կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում։ 

https://twitter.com/medoblack2000/status/1412049597682393092

Ցուցարարները առավոտյան հավաքվել էին նաև Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, իջեցրել Եվրամիության դրոշն ու քանդել ընդդիմության վրանները։

Ծայրահեղականները, բացի դրանից, հարձակվել են վրացական TV Pirveli-ի, TV Mtavari-ի և Formula-ի լրագրողների վրա, ծեծել Formula-ի լրագրող Ռաթի Ծվերավային, օրինակ, ծեծել ու գլխից բռնած քաշ են տվել վրաց ուղղափառ եկեղեցու քահանաները։ Բռնության ենթարկված լրագրողները փորձում էին լուսաբանել վրացի աջականների գործողությունները։

 

Վրաստանի ԼԳԲՏ+ ակտիվիստների փոխանցմամբ՝ երկրի ոստիկանությունը, ինչպես նաև Ներքին գործերի նախարարությունը լուրջ քայլեր չեն ձեռնարկել՝ տեղի ունեցած բռնությունը կանխարգելելու համար։

https://twitter.com/FormulaGe/status/1412014601345118215

Tbilisi Pride-ը Արժանապատվության երթի չեղարկման մասին հայտարարության մեջ, ի թիվս այլի, նշել է․

«․․․Կառավարության շարունակական քայլերը կրկին ցույց տվեցին, որ նրանք չեն ցանկանում կատարել իրենց ուղիղ պարտականությունները։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ամոթալի, դաժան, հակապետական և հակաարևմտյան հայտարարություններըմ որոնցում նա ագրեսիայի մեղավորությունն ու պատասխանատվությունը դնում է [ԼԳԲՏ+] ակտիվիստների վրա, պրոռուսական խմբերի, Պատրիարխատի և երկրի քաղաքական ղեկավարության կողմից համակարգված դաժան, զազրելի, ռուսական ոճի քաղաքականության շարունակությունն է։

Ներքին գործերի նախարարությունը, չնայած ուներ Հպարտության շաբաթվա մասնակիցների անվտանգությունն ապահովելու բոլոր հնարավորությունները, չձեռնարկեց ոչ մի գործողություն՝ մարդկանց հիմնարար իրավունքներն ապահովելու համար։ Tbilisi Pride-ի անդամները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու օտերերկրյա դիվանագետները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ՆԳՆ ներկայացուցիչների հետ․ նրանք գիտեին մեր ռազմավարությունը, նրանց հատուկ պլաններ էին առաջարկվել, որոնց միջոցով երթի մասնակիցների անվտանգությունը պիտի ապահովվեր, բայց միջոցների ձեռնարկման փոխարեն մենք այսօր առավոտից տեսնում ենք բռնի խմբերի ոգեկոչումը կառավարություն ներկայացուցիչների կողմից․․․»

Երկրի վարչապետն իրոք հայտարարել էր, որ «նպատակահարմար չի գտնում» երթի՝ կենտրոնական Ռուսթավելի պողոտայում անցկացնելը ՆԳՆ-ն էլ, իր հերթին, կոչ էր արել երթ չանել հանրային վայրերում։

Երկրի իշխանությունները, ի դեմս կառավարող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեի, չեն զլացել նաև Արժանապատվության երթի նկատմամբ իրենց քննադատությունն ուղղել դեպի ընդդիմություն՝ նշելով, որ «Tbilisi Pride-ի նպատակը որևէ մեկի իրավունքները պաշտպանելը չէր, այլ ուներ սուբյեկտիվ քաղաքական նպատակներ»։

Կոբախիձեն այս հարցում մեղադրել է «ռադիկալ ընդդիմությանը», մասնավորապես Սաակաշվիլու ճամբարի «Միացյալ ազգային շարժմանը»։

Վրաստանի կառավարությանն համար քննադատել են միջազգային մի շարք կազմակերպություններ, ինչպես նաև երկրի Հանրային պաշտպան Նինո Լոմջարիան, ով կարծում է, որ վարչապետն իր հայտարարություններով «էսկալացրել է» իրավիճակը։

Human Rights Watch Europe-ը տեղի ունեցածը «պետական ձախողում» է անվանել։

18 արևմտյան երկրների դեսպանատները, ինչպես նաև  Եվրամիության ու ՄԱԿ-ի տեղական կառույցները ևս դատաօարտել են բռնությունն ու «կառավարական և կրոնական առաջնորդների կողմից բռնությունը չդատապարտելու» փաստը։