Ձերբակլավել է Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը։ Այսօր ավելի վաղ խուզարկություններ են կատարվել Որոտանի գյուղապետի աշխատասենյակում և բնակարանում, որի ընթացքում բնակարանից հայտնաբերվել են զենք, զինամթերք։ Դրանց ձեռքբերման և պահելու օրինականությունը ստուգվում է, հաղորդում է Քննչական կոմիտեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձեռքբերված փաստական տվյալների համաձայն, Որոտանի գյուղապետը՝ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ, գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, և առաջարկել սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք միանշանակ բավարարվելու են:
Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի՝ այս տարվա հունիսի 9-ի որոշմամբ, Որոտան գյուղի 31 բնակիչներ տրամադրվել են տարբեր չափի գումարներ՝ իրենց իսկ դիմումների հիման վրա: Նշված դիմումատուների մեծ մասը Օհանջանյանի ընտանիքի անդամները և հարազատներն են:
Միևնույն ժամանակ, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնյան որոշ քաղաքացիների հայտնել է, որ սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքում պետք է մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին:
Նկատի ունենալով, որ ձեռք բերված բերված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են ընտրակաշառք ստանալու և տալու հատկանիշներ՝ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՔրՕրի 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 1-ին և 2-րդ մասերով: Օհանջանյանն այս գործով անցնում է որպես կասկածյալ։
Բացի այդ, Գորիսի ոստիկանության բաժնում փաստական տվյալներ են ձեռք բերվել համայնքապետարանի պաշտոնյայի կողմից 6 130 000 դրամի վատնման, ինչպես նաև ընտրակաշառք տալու և ստանալու առերևույթ դեպքերի մասին։
Հաղորդագրության համաձայն՝ Գորիսի համայնքապետարանի պաշտոնյան սոցալապես անապահով ընտանիքի անդամներ չհամարվող, ինչպես նաև այլ համայնքների բնակիչներ հանդիսացող 115 մարդկանց տրամադրել է ընդհանուր 6.130.000 դրամ, մինչդեռ այդ գումարը, համաձայն ավագանու որոշման նախատեսված էր Գորիսի սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար:
Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Առանձնապես խոշոր չaփերով յուրացնելը կամ վատնելը)։