Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով կամ նյութապես շահագրգռելով)։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ըստ մեղադրանքի, «Գուսան Աշոտ»-ի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը և կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, հունիսի 7-ին իր աշխատակիցներին հրավիրել է ժողովի և հարկադրել նրանց մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից Գորիսում կազմակերպված նախընտրական հավաքին։ Այնուհետև՝ հունիսի 15-ին, աշխատանքից ազատելու սպառնալիքով՝ գրադարանավարին խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին։