Իրանից 97 կգ հերոին են փորձել ներկրել Հայաստան, հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեն։ Հայտնաբերված թմրամիջոցի շուկայական արժեքը մոտ 11 միլիոն դոլար է։
Հաղորդագրության համաձայն՝ խուզարկության է ենթարկվել Իրանից «Ագարակ» սահմանային անցակետով Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացու բեռնատարը։
«Բեռնատարի մաքսային զննման արդյունքում դրա կցորդի տանիքի դիմացի հատվածում թաքցված մետաղական կոնստրուկցիաների միջից հայտնաբերվել են 97 կգ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 119 հատ փաթեթ՝ փաթեթավորված շագանակագույն ինքնակպչուն ժապավեններով»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` թմրամիջոցների մաքսանենգության հատկանիշներով։ Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է։
Սա, ըստ ՊԵԿ-ի, ընթացիկ տարվա երկրորդ խոշոր բացահայտումն է։
Հիշեցնենք՝ մարտի 3-ին Երևանի մաքսային պահեստներից մեկում հայտնաբերվել էր Իրանից բերված շուրջ 365 կիլոգրամ հերոին՝ մոտ 45 մլն դոլար շուկայական արժեքով։