Կանադայի արևմուտքում գտնվող Բրիտանական Կոլումբիա նահանգի Լիթթոն գյուղաքաղաքը գրեթե ամբողջովին ոչնչացել է երեկ բռնկված անտառային հրդեհի պատճառով։ Երկրի արևմուտքում գտնվող փոքրիկ բնակավայրում ապրում է մոտ 1000 մարդ։ Բնակիչներն իրերը հավաքելու և էվակուացվելու համար ունեցել են մոտ 15 րոպե։ Մարդիկ իրենց իրերի հետ միասին վազում էին քաղաքը կլանած ծխի քուլաների և մայթերին ավելի ու ավելի մոտեցող կրակի միջով։ Զոհերի մասին դեռևս տվյալներ չկան։
«15 րոպեում կրակը կլանեց գյուղը։․․․Մարդիկ ուղղակի վերցնում էին իրենց տնային կենդանիներին, բանալիները, նստում մեքենան ու հեռանում», ֊ պատմել է այրված Լիթթոնի համայնքապետը։
BBC-ի հաղորդմամբ՝ այրվել է Լիթթոնի տների 90%-ը, բուժկետն ու ոստիկանության բաժինը։
https://twitter.com/j_mcelroy/status/1410654902049595394
Լուսանկարում Լիթթոնի գլխավոր փողոցն է՝ հրդեհից առաջ և հետո
Սա Բրիտանական Կոլումբիայում վերջին օրերին բռնկված առաջին հրդեհը չէ։ Նահանգում վերջին մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 100 անտառային հրդեհ է բռնկվել; Պատճառը երկրում գրանցվող աննախադեպ շոգն է։ Հունիսի 29-ին տեղի ժամանակով ժամը 16:20-ին Լիթթոնում ջերմաստիճանը 46.6 աստիճան է եղել ըստ Ցելսիուսի։ սա ռեկորդային ցուցանիշ է ոչ միայն փոքրիկ գյուղաքաղաքի, այլև ամբողջ Բրիտանական Կոումբիայի համար։
Ընդ որում քամու աագությունը հասել է 71 կմ/ժ-ի։ Քամու այս արագության ու չոր, տոթ եղանակի պատճառով կրակի արագությունն էլ հասել է 10 կամ անգամ 20 կմ/ժ-ի։
Վերջին շաբաթվա ընթացքում Կալիֆորնիայից մինչև Արկտիկա ձգվող խաղաղօվկիանոսյան ափի գլխավերևում այսպես կոչված «ջերմային գմբեթ» է ձևավորվել՝ բարձր ճնշման մի կայուն շերտ, որը խոչընդոտում է օդի փոփոխությանը։
Բրիտանական Կուլումբիայում այս ժամանակահատվածում շոգից մահացել է 486 մարդ, որոնցից 69-ը՝ նահանգի կենտրոն Վանկուվերում։ Մահերը հիմնականում գրանցվել են տարեցների և խրոնիկ հիվանդների շրջանում։ Համանման հաղորդագրություններ են ստացվում նաև ԱՄՆ-ից։
Բացի հրդեհներից ու քամուց՝ նահանգում վերջին օրերին հաճախակի են դարձել նաև ամպրոպները։ Այսօր արդեն Բրիտանական Կոլումբիայում գրանցվել է շուրջ 29 000 կայծակ։
Նահանգի վարչապետ Ջոն Հորգանը կոչ է արել բնակիչներին հնարավորության դեպքում մնալ տանը՝ դրա ամենահով հատվածում, ինչպես նաև սառը թրջոցներ օգտագործել։
Օդերևութաբանները պնդում են, որ նման ուժգնության «ջերմային գմբեթներ» ի հայտ են գալիս մի քանի հազար տարին մեկ անգամ և զգուշացնում, որ սաստիկ շոգը կարող է ևս մի քանի օր շարունակվել։