Հունիսի 18-ին ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար Նորամարգ գյուղի երկու բնակիչ նույն գյուղի բնակչության շրջանում բաժանել և բաժանում են ընտրակաշառք՝ գումարի տեսքով։
«Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված երկու անձինք Նորամարգ գյուղի բնակչության շրջանում 15.000-20.000 դրամի սահմաններում գումարներ են բաժանել դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության բաժին են բերման ենթարկվել նշված անձինք, որոնցից մեկը ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է»,- հաղորդել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր՝ «Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 36 հոգու ընտրակաշառք բաժանած «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչը ձերբակալվեց»: