Home / Հայաստան / «Պատվիվ ունեմ՝ եկել եմ քվեարկեմ» և հանձնաժողովի «հավատարիմ» անդամները․ Աջափնյակ

«Պատվիվ ունեմ՝ եկել եմ քվեարկեմ» և հանձնաժողովի «հավատարիմ» անդամները․ Աջափնյակ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտին մնում է երկու ժամ։ Epress.am-ի թղթակիցը, քվեարկության օրը շրջելով Երևանի ընտրատեղամասերով, նկարագրում է դրանցից մեկում տիրող իրավիճակը։

Աջափնյակի 6/26 տեղամասում (138-րդ դպրոց) ժամեր շարունակ լարված իրավիճակ էր:

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» և Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքների վստահված անձանց և հանձնաժողովի նախագահի միջև արձանագրվել են վիճաբանության մեկ և լարվածության բազմաթիվ դեպքեր։

Ընթացքում տարածք է ներխուժել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածուն, որը  հաջողությամբ նոր վիճաբանություն է հրահրել։

Հանձնաժողովի անդամների մեծ մասը հավատարիմ է․․․ 138-րդ դպրոցի տնօրենին։ Վերջինս, ի դեպ, Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է և «Պատիվ ունեմ» դաշինքի համակիր։

Հանձնաժողովականների մեծ մասը նրա ենթականերն են կամ ծանոթները․ նրանց և հանձնաժողովի նախագահի միջև ակնառու լարվածությունը կարելի է դասել տեղամասի առանձնահատկությունների շարքին։

Ուղղորդումներ, վիճաբանություն, պատգամավորի թեկնածուի գալուստ

Խախտումների մի մասը արձանագրված է նաև գրանցամատյանում։

Ըստ արձանագրումների,

– «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձ Ռոման Սուրիկի Դավթյանը «ընտրատեղամասից դուրս զրույցի է բռնվում ընտրողների հետ, ուղղորդում նրանց ընտրություն անելու հետ կապված հարցերում»։

– «Ընտրողներից ոմանք, նախքան քվեատուփին մոտենալը, մոտենում են «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձ Ռոման Սուրիկի Դավթյանին, ով բացահայտ ուղղորդում է նրանց»։

– «Ժամը 13։00-ից տարածքից դուրս է հրավիրվել «Հայաստան» դաշինքի վստահված անձը՝ առանց գրանցվելու ներս մտնելու և ընտրողներին ուղղորդելու համար»։

– «Ժամը 13։00-ին ընտրատեղամաս է մտել պատգամավորի թեկնածու Հայկ Ստեփանյանը՝ խախտելով ընդունված կարգը»։


Հանձնաժողովի նախագահը՝ Անի Մարտիրոսյանը,  երիտասարդ մի կին, լարված նստած է քարտուղարի կողքին։

Մյուս հանձնաժողովականները նրա հետ մեծամասամբ չեն հաղորդակցվում։ Epress.am-ի հարցին ի պատասխան նախագահն ասում է, որ լարվածությունն առաջացել է գրեթե միանգամից՝ առաջին խախտումները կասեցնելուց հետո, և վիճաբանության է վերածվել «Հայաստան» դաշինքի անդամին դուրս հրավիրելու պատճառով։

Վերջինս՝ Գևորգ Բաղդասարյանը, ըստ նախագահի, երկար ժամանակ շրջում էր տարածքով՝ առանց գրանցվելու ու բեյջի, մոտենում ընտրողներին, ուղղորդում նրանց։ Հանձնաժողովի նախագահը պնդում է, որ դուրս է հրավիրել նրան՝ նրա ձեռքին ինչ-որ տարօրինակ թղթեր նկատելուց հետո։

Վստահված անձն, իր հերթին, հակադարձում է՝ չի գրանցվել զուտ տեխնիկական պատճառով, բեյջն էլ գրպանում է պահել, որովհետև մոտը կախիչ չկար։

Դուրս գալ հրաժարվել է․ հանձնաժողովի նախագահը արձանագրություն է կազմել և, ամեն դեպքում, որոշել հեռացնել նրան տարածքից։ Խոսակցությունը վերածվել է խմբակային վիճաբանության, որից կարճ ժամանակ անց տարածք է ներխուժել ՔՊ պատգամավորի թեկնածու Հայկ Ստեփանյանը։

Ըստ հանձնաժողովի նախագահի, վերջինս ասել է, որ վիճաբանության մասին էր իմացել ընտրատեղամասի ուղիղ հեռարձակումից։

Դիտորդներից մեկը, սակայն, պնդում է, որ նա ներս էր մտել «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձնանց հետ։

Վիճաբանությանը «եղբայրապես» միջամտել են նաև ոստիկանները․ թեկնածուն, որը տեղամասում գտնվելու իրավունք չունի, դուրս է հանվել, ինչի մասին կազմվել է արձանագրություն։ «Հայաստան» դաշինքի վստահված անձը մնացել է տարածքում։

«Պատվիվ ունեմ՝ եկել եմ քվեարկեմ»

Ինչ-որ պահի տարածք է եկել 138-րդ դպրոցի տնօրեն Լուիզա Հովհաննիսյանը, ով, ըստ հանձնաժողովի նախագահի, նաև Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է։

Մեկ այլ կազմակերպության դիտորդ պատմում է, որ վերջինս մտել է ընտրատեղամաս և հայտարարել՝ «Պատիվ ունեմ՝ եկել եմ քվերակելու»։ Հայտարարությունը մեծ ոգևորություն է առաջացրել հանձնաժողովականների մոտ, որոնց մեծ մասը նրա ենթակաները կամ ծանոթներն են։

Ոստիկանները՝ ախպերական, հանձնաժողովականները՝ բարիդրացիական

Ընտրատեղամասում աչքի էր ընկնում, մի կողմից, հանձնաժողովականների և «Պատիվ ունեմ»-ի վստահված անձանց միջև «բարիդրացիականությունը», մյուս կողմից՝ հանձնաժողովականների (և վստահված անձնաց) ու հանձնաժողովի նախագահի միջև «լարվածությունը»։ Վստահված անձինք իրենց թույլ էին տալիս արհամարհական, որոշ դեպքերում՝ ծաղրական վերաբերմունք ցուցաբերել հանձնաժողովի նախագահի նկատմամբ։

Տարածքում էին նաև «Անկախ դիտորդ» դաշինքի և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ի դիտորդները։ Այստեղ էր նաև «Ընտրությունը քոնն է» կազմակերպության ներկայացուցիչը. վերջինս ասում էր, որ դիտորդ է, հետագայում պարզվեց, որ կազմակերպությունը դիտորդական հավատարմագիր չունի։