Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին ընտրակաշառք տալու կասկածանքով, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Հաղորդման համաձայն՝ Սպիտակում բնակվող կինը, ում գործատուի որդին որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված է կուսակցությունների դաշինքներից մեկում, զանգահարել է համագյուղացուն և առաջարկել 10 000 դրամ ընտրակաշառք: Ստանալով մերժում՝ զանգահարել է մեկ այլ համագյուղացու և խոստացել չեղարկել վերջինիս կողմից իրեն պարտք եղած 7.500 դրամը, եթե 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին քվեարկի դաշինքի օգտին:
Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով: