Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը չի կալանավորվի։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է համայնքի ղեկավարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։ Փարամազյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (առևանգում) 2-րդ մասի 1-ին կետով:
Այս պատմությունը սկսվել էր դեռ այս տարվա գարնանը․ Քննչական Կոմիտեն հայտնել էր, որ «Քաջարանի բնակչի և ընկերոջ միջև տեղի ունեցած վեճի հանգամանքները պարզաբանելու համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով ապրիլի 26-ին Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ընթացքում Քաջարանի 30-ամյա բնակիչը բռունցքով պատասխան հարված է հասցրել համայնքի ղեկավարի հորը»:
Ապրիլի 29-ին քաղաքապետը՝ 30-ամյա տղամարդուն ցուցադրաբար պատժելու և իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով մի խումբ այլ մարդկանց հետ՝ ոլորելով 30-ամյա տղամարդու ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել են նույն համայնքի մեկ այլ բնակչի կողմից վարած ավտոմեքենան, առևանգել նրան և տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ համայնքի ղեկավարը հրացանով կրակել է 30-ամյա տղամարդու ոտքերին, ծեծել նրան: Այնուհետև «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան:
Հիշեցնենք նաև, որ այս տարվա հունիսին նույն գործի շրջանակներում 3 մարդ էր կալանավորվել, վերոհիշյալ առանձնատանը հայտնաբերվել էր նաև խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։