«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել, Իսագուլյանի կողմից առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, հայտնում է Քննչական կոմիտեն։
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետով և 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով:
Կոմիտեն նշում է, որ, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է:
Իսագուլյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 23-ին։ Ի թիվս այլի, Իսագուլյանն, օրինակ, հայտարարել էր, որ «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար»։ Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով քրեական գործ էր հարուցվել։
Բոլորովին վերջերս նրա նկատմամբ ևս մեկ քրեական գործ էր հարուցվել։ Դատախազությունը քննել էր ԱԱԾ նախկին տնօրենի կողմից հայերենին տիրապետող ադրբեջանցիներին անձնագրային բաժանմունքների պետերի միջոցով 1400 հայկական անձնագիր բաժանելու, 400 ադրբեջանցիների կողմից Նախիջևանից Քաջարանով Արցախ անցնելու, 2018թ-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից թուրքերից և ադրբեջանցիներից 48 մլն ԱՄՆ դոլար ստանալու մասին Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունները։ Իսաղուլյանը, ըստ Դատախազության, հրաժարվել է իր հայտնած հանգամանքների վերաբերյալ բացատրություն տալուց, իսկ նրա կողմից նշված հանգամանքների ստուգման նպատակով վարույթի շրջանակում Ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նման տվյալներ չեն ստացվել: Ելնելով դրանից՝ կայացվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով վերոնշալ հայտարարությունների առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, որից հետո հարուցվել է քրեական գործ՝ սուտ մատնության հատկանիշներով: