Գլխավոր դատախազությունը պատերազմի ողջ ընթացքում, իսկ «առավել մեծ հետևողականությամբ»՝ նոյեմբերի 9-ի զինադադարից հետո իրականացրել է ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի մշտադիտարկում՝ «պատերազմին, դրա աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառներին առնչվող հանցավոր դրսևորումների վերաբերյալ տվյալների և փաստերի հավաքագրման նպատակով»: «Քրեական գործեր՝ արցախյան վերջին պատերազմի արդյունքներին հանգեցրած՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքների փաստերով» վերնագրված ծավալուն հաղորդագրությունը՝ տարածված դատախազության անունից, սկսվում է այսպես։
Ըստ հաղորդագրության, ԱԱԾ-ում, Քննչական կոմիտեում և ՀՔԾ-ում այժմ քննվում են բազմածավալ, բազմադրվագ քրեական գործեր, որոնց վերաբերյալ, հաշվի առնելով ռազմական դրության ռեժիմով պայմանավորված սահմանափակումները, հանրային իրազեկվածության ապահովման առաջնայնությունից ելնելով` ներկայացվում է [միայն] հետևյալը․
ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից, մասնավորապես, հրաման չկատարելու, դասալքության, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոննները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերով Հայաստանի ՔԿ զինվորական քննչական վարչությունում հարուցվել է ընդհանուր 882 քրեական գործ: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել տասնյակ անձանց
Ներկայում քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում նմանատիպ արաքներ կատարած այլ անձանց հայտնաբերելու, տեղի ունեցածի պատճառների և հանգամանքների բացահայտման ուղղությամբ:
ԱԱԾ-ի կողմից․․․ տվյալներ են ստացվել այն մասին, որ պատերազմի առաջին իսկ օրվանից առանձին քաղաքացիական, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից ՊԲ մարտական խնդիրներ լուծող ստորաբաժանումներում տարածվել են խուճապային, պատերազմի ելքի կանխորոշված լինելու, դիմադրության շարունակումն անիմաստ լինելու վերաբերյալ տեղեկություններ: Այդ փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն, որի շրջանակում կան նաև մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք:
Ռազմական դրության պարագայում Արցախի հարավային ուղղությամբ ծավալված ռազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ենթադրաբար հրաժարվելու փաստի առթիվ ԱԱԾ-ում ՔրՕր-ի 364-րդ հոդվածի 3-րդ մասով 2020թ. հոկտեմբերի 29-ին հարուցվել է մեկ այլ քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվում է:
2020թ. նոյեմբերի 19-ին «Հայելի ակումբ»-ում ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսից անմիջապես հետո դրա տեսագրությունը Գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր ՀՔԾ՝ ՔՕ 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար։
Արդյունքում, 2020թ. նոյեմբերի 21-ին ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են Հայաստանի պաշտպանության նախարարության մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա։
Նշվածին առնչվող՝ առանձին կուսակցությունների ղեկավարների, փաստաբանների, այլ անձանց կողմից Գլխավոր դատախազին հասցեագրված դիմումները, ինչպես նաև հրապարակումները 5 մլրդ դոլար առաջարկվելու վերաբերյալ, ևս անմիջապես ուղարկվել են նախաքննական նույն մարմնին՝ նշված քրեական գործին կցելու և դրանցում առկա հանգամանքները քննության առարկա դարձնելու նպատակով։ Քրեական գործով քննությունը շարունակվում է:
Բացի այդ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանի կողմից արված՝ ԱԱԾ նախկին տնօրենի կողմից հայերենին տիրապետող ադրբեջանցիներին անձնագրային բաժանմունքների պետերի միջոցով 1400 հայկական անձնագիր բաժանելու, 400 ադրբեջանցիների կողմից Նախիջևանից Քաջարանով Արցախ անցնելու, 2018թ-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից թուրքերից և ադրբեջանցիներից 48 մլն ԱՄՆ դոլար ստանալու մասին նյութերը Գլխավոր դատախազությունից ևս ուղարկվել ենՀՔԾ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Գ. Իսաղուլյանը հրաժարվել է իր հայտնած հանգամանքների վերաբերյալ բացատրություն տալուց, իսկ նրա կողմից նշված հանգամանքների ստուգման նպատակով վարույթի շրջանակում Քստիկանության և ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նման տվյալներ չեն ստացվել: Ելնելով դրանից՝ կայացվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով վերոնշալ հայտարարությունների առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, որից հետո հարուցվել է քրեական գործ՝ սուտ մատնության հատկանիշներով:
ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերում մշտադիտարկման արդյունքում դեռևս 2020թ. նոյեմբերի կեսերին կազմվել է զեկուցագիր այն մասին, որ վեր հանված մի շարք հրապարակումներում, գրառումներում և տեսանյութերում առկա են պնդումներ և ընդհանուր բնույթի տվյալներ պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի և կամավորականների՝ Արցախի հարավ-արևելյան ուղղություններում, դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումներին անհիմն նահանջելու հրաման տալու միջոցով Շուշի քաղաքը դիտավորությամբ նպատակային և պլանավորված կերպով Ադրբեջանի ԶՈՒ-երին հանձնելու, առանձին դեպքերում՝ առանց հրամանի դիրքերը լքելու միջոցով զինծառայության պարտականությունները չկատարելու դեպքերի մասին։ Զեկուցագիրը՝ կից տեսանյութերով և հրապարակումներով, ուղարկվել էԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ներկայացված տվյալները պարզելու, պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով այնտեղ ՔՕ 364-րդ հոդվածի 3-րդ մասով քննվող վերոնշյալ քրեական գործի շրջանակներում դատավարական, օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ իրականացնելու հանձնարարությամբ:
․․․Քրեական այս գործի շրջանակում մանրակրկիտ քննության առարկա դարձնելու նպատակով հընթացս ԱԱԾ քննչական դեպարտամենտ են ուղարկվել նաև ԶԼՄ-ների բազմաթիվ այլ վերաբերելի հրապարակումներ, մասնավորապես՝ Արցախի հարավ-արևելյան ուղղություններում, դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում ծավալված ռազմական գործողությունները լուսաբանած հայտնի ռուս լրագրողի հրապարակային արված դիտարկում-վկայությունները, ենթադրաբար՝ Արցախի նախագահի մասնակցությամբ ձայնագրությունը, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ 12.12.2020թ. հրապարակված հարցազրույցը և այլն:
Մի քանի քրեական գործեր են քննվում նաև ՊՆ-ի կարիքների համար տարբեր զենք-զինամթերքի, ռազմական հանդերձանքի և պարագաների, սննդամթերքի ձեռքբերման գործարքների իրավաչափության, դրանց իրականացման գործընթացում պաշտոնատար անձանց մասնակցությամբ առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակություններ, խարդախություններ կատարելու, պաշտոնեական կեղծիքների, իշխանազանցության կամ պաշտոնեական անգործության դեպքերի առթիվ: Այդ գործերի շրջանակում Դատախազության նախաձեռնությամբ քննության առարկա են դարձվում ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով տարածվող իրենց մեջ որոշակիություն ունեցող հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարություններն ու տեղեկությունները, դրանց կից ներկայացվող փաստաթղթերը:
Իրականացվող բոլոր վարույթների շրջանակում հատուկ քննության առարկա է դառնալու պատերազմի վերջնական արդյունքի վրա առերևույթ հանցավոր դրսևորումների ունեցած ազդեցության հարցը: