Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, հայտնում է Քննչական կոմիտեն (ՔԿ):
ՔԿ-ն հաղորդմամբ՝ Youtube-ում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում Իսագուլյանի կողմից բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ վերջինս հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանի վարչապետի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված հրապարակայնորեն բռնության կոչեր է հնչեցրել:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:
Բոլորովին վերջերս Իսագուլյանի նկատմամբ ևս մեկ քրեական գործ էր հարուցվել, այս անգամ՝ սուտ մատնության հատկանիշներով։
Քննչական կոմիտեն անդրադարձել է նաև ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի ելույթներին։
Մեկ այլ հաղորդագրությունում նշվում է, որ դեկտեմբերի 22-ին՝ Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կողմից Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի միջոցով իրենց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելու առերևույթ հատկանիշներ պարունակող հայտարարությունների փաստով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված նյութեր են նախապատրաստվում։
Նախապատրաստվող գործի շրջանակներում Սաղաթելյանը դեկտեմբերի 23-ին հրավիրվել է քննչական կոմիտե և բացատրություն տվել դեպքի հանգամանքների շուրջ:
Իսկ ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն հրավրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության։ Ինչ գործով՝ հայտնի չէ։