Տելեգրամ մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է եկող տարվանից ծրագրի մոնետիզացիայի մեկնարկի մասին։ Դուրովն ընդգծել է, որ առևտրայնացումը կվերաբերի բացառապես հանրային ալիքներին և լրացուցիչ ֆունկցիաներին։ Անձնական հաղորդակցության հետ կապված ծառայությունները կշարունակեն գործել անվճար։
Տելեգրամը անվճար բազմահարթակ մեսենջեր է, որը հնարավորություն է տալիս փոխանակվել հաղորդագրություններով և տարբեր ձևաչափերի մեդիաֆայլերով։ Տելեգրամի առանձնահատկություններից է հատուկ գաղտնի նամակագրությունների հնարավորությունը՝ end-to-end (բառացի՝ ծայրից ծայր) գաղտնագրմամբ։
Մի շարք երկրներում (Չինաստանում, Իրանում, Աֆղանստանում, Ռուսաստանում, Ղազախստանում և այլն) մեսենջերը պարբերաբար ժամանակավորապես արգելվում է։ Պատճառը տեղական իշխանությունների հետ առաջացող խնդիրներն են․ հավելվածի հիմնադիրները հրաժարվում են իշխանություններին տրամադրել օգտատերերի նամակագրությունների գաղտնագրված տարբերակի վերծանման կոդը։
Հավելվածի հեղինակի խոսքով, Տելեգրամի ակտիվ օգտատերերի քանակը 500 միլիոնի է հասել, ինչի արդյունքում սերվերների ծախսը հասել է տարեկան հարյուրավոր միլիոն դոլարների։ Դուրովը նշել է, որ մինչ այս բոլոր ծախսերը կատարվել են իր անձնական միջոցների հաշվին։ Օգտատերերի թվի աննախադեպ աճի պատճառով, սակայն, այժմ նախագծի հեղինակները կանգնել են ընտրության առաջ՝ սկսել գումար աշխատել հավելվածի միջոցով, կամ մեսենջերը վաճառել շուկայի առավել խոշոր ներկայացուցիչներից մեկին։
Երկրորդ տարբերակը Դուրովը դիտարկում է որպես Տելեգրամի անկախությանը սպառնացող վտանգ։ Առաջին տարբերակն ընտրելով, նախագծի հեղինակները որոշում են կայացրել մեսենջերում հատուկ գովազդային հարթակ ստեղծել։
Պավել Դուրովը խոստացել է «հավատարիմն մնալ իրենց ընտրած արժեքներին» և գովազդները ներդնել հնարավորինս «ոչ կպչուն» եղանակներով։ Անհատ օգտատերերը կունենան Տելեգրամի այժմյան բոլոր ծառայությունների անվճար հասանելիություն։ Ցանկության դեպքում կարելի է օգտվել վճարովի ստիկերներից, որոնց հեղինակները ևս կվարձատրվեն։
epress.am-ի տելեգրամ ալիքը՝ https://t.me/epressam