Լեոնարդո Դի Կապրիոն, Քեթի Փերին, Էշթոն Կուչերը, Ջենիֆեր Լոուրենսը, Սաշա Բարոն Կոենը, Մարկ Ռուֆալոն, Քիմ Քարդաշյան Ուեսթը, Նաոմի Քեմփբելը և ուրիշներ #StopHateForProfit (Բավական է շահույթ ստանաք ատելության խոսքի տարածումից) արշավի շրջանակներում մեկ օրով բոյկոտում են սոցիալական ցանցերը՝։
Սոցիալական ցանցերում ատելության խոսքի և պրոպագանդայի դեմ սկսված արշավը կազմակերպած ակտիվիստները հայտնի մարդկանց հորդորում էին բոյկոտել ֆեյսբուքն ու ինստագրամը՝ անթույլատրելի բովանդակության դեմ իրենց դժգոհությունն արտահայտելու համար։
«Չեմ կարող ձեռքերս ծալած նստել և լռել, երբ այս հարթակները շարունակում են հաշտվել ատելության տարածման, պռոպագանդայի և ապատեղեկատվության տարածման երևույթների հետ։ Սոցցանցերում շրջանառվող ապատեղեկատվությունը լրջորեն ազդում ընտրությունների արդյունքների վրա և վտանգում է ժողովրդավարությունը», – հայտարարել է Քիմ Քարդաշյանը։
Սոցիալական ցանցերի բոյկոտին միացել է երգչուհի Քեթի Փերին․ «Չեմ կարող պարզապես կողքից հետևել, թե ինչպես են այս հարթակները անտարբերություն ցուցաբերում խմբերի ու հրապարակումների նկատմամբ, որոնք ատելության խոսք ու ապատեղեկատվություն են տարածում»։
Ակցիայի հետ իր սոլիդարությունն է հայտնել նաև դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը․ «Ֆեյսբուքն ուշադրություն չի դարձնում իր կայքում ատելության ու կեղծ տեղեկատվության շրջանառությանը։ Դա «ֆունկցիոնալ սխալ չէ», դա կշռադատված որոշում է, որի նպատակն է զոհաբերել մարդկանց ու ժողովրդավարական արժեքները հանուն շահույթի»։
Դերասան Մարկ Ռուֆալոն ֆեյսբուքին մեղադրել է ռասիզմի տարածման նկատմամբ անտարբերության մեջ․ «Ֆեյսբուքը շարունակ պնդում է, որ պայքարում է ատելության խոսքի դեմ, բայց նրանք համառորեն չեն նկատում, թե ինչպես են ռասիստական, բռնության կոչեր անող խմբերն ու հրապարակումները անմիաբանություն ստեղծում, պառակտում Ամերիկան։ Խառնվում են միայն երբ ինչ֊որ մեկը մահանում է»։
Facebook claims they address hate, yet they continue to look the other way as racist, violent groups and posts sow division and split America apart – only taking steps after people are killed. (1/2) pic.twitter.com/AfO70nEEo8
— Mark Ruffalo (@MarkRuffalo) September 14, 2020
#StopHateForProfit արշավը սկսվել է հունիսին, երբ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստական կազմակերպությունները դիմում էին բրենդներին ու մեծ ճանաչում ունեցող անհատներին, խնդրելով դադարեցնել ֆեյսբուքում և ինստագրամում գովազների տեղադրումը՝ ռասիստական հայտարարությունների և ապատեղեկատվության տարածման դեմ իրենց բողոքն ու դժգոհությունն արտահայտելու համար։
Հունիսից ֆեյսբուքը սկսեց պոտենցյալ վտանգավոր հրապարակումները պիտակավորել։ Սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստացավ հեռացնել գովազդը, որը խտրական վերաբերմունք է քարոզում ռասայական, էթնիկ, գենդերային, դասակարգային հիմքերով։
#StopHateForProfit արշավի մասնակիցները, սակայն, ձեռնարկված միջոցներն անբավարար համարեցին։ Ավելի քան 90 ընկերություններ դադարեցրել են գովազդի տեղադրումը ֆեյսբուքում։ Բոյկոտի հետևանքով ֆեյսբուքի բաժնետոմսերն արժեզրկվել են։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Ցուկերբերգի կարողությունը կրճատվել է 7,2մլրդ դոլարով։