Մայիսի 24-ին Կապանի ոստիկանության բաժնի մոտ էին հավաքվել մեծ թվով մարդիկ՝ պահանջելով ազատ արձակել ավելի վաղ բերման ենթարկված քաղաքացիներին։ Ըստ մամուլի՝ վաղ առավոտյան դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի: Նշվում էր, որ նրանց նկատմամբ բռնություն էր գործադրվել։ Մասնավորապես, իր նկատմամբ կիրառված բռնության մասին էր հայտնել նրանցից մեկն, ում ավելի ուշ ազատ էին արձակել՝ նշելով, որ երիտասարդը սխալմամբ է բերման ենթարկվել: Մինչև ուշ գիշեր ցույց անող քաղաքացիները պահանջում էին նաև բոլոր գործողությունները կատարել Կապանում, ոչ-ոքի չտեղափոխել Երևան։
Մայիսի 25-ին տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ․Հ․-ն, նրա եղբայրը՝ Լ․Հ․-ն, Խ․ Մ․-ն և Մ․ Ս․-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ.Մ․-ին և Խ.Մ․-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա․Հ․-ի և Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել նրան․
«Շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ.Մ․-ին «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա․Պ․-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ․-ի եղբայրը՝ Գ.Մ․-ն և Ա․Փ․-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում, Ա․Պ․-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Մայիսի 24-ին Խ․Մ-ն, Մ․Ս-ն և Լ․Հ-ն ձերբակալվել են` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա․Պ-ն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։
Իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ համայնքի ղեկավարի մասնակցությունը դեպքերին ստուգելու և նրա դերակատարումը պարզելու ուղղությամբ»։ Միաժամանակ ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է չխոչընդոտել քրեական գործի քննությանն ու արդարադատության իրականացմանը, քանի որ դրա համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։
ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել երկու փաստաբան, ովքեր նշել են, որ Ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկվել իրենց 3 վստահորդները: Այս մասին հայտնել է Օմբուդսմեն Արման Թաթոյանը։
«Իրենք այցելել են Ոստիկանության բաժին, սակայն ոստիկանները թույլ չեն տվել մուտք գործել բաժին և տեսակցել իրենց վստահորդներին: Այս ահազանգերից քիչ անց փաստաբանները կրկին տեղեկացրել են, որ արգելանքի վերացված անձանցից երկուսն արդեն գտնվում են քննչական մարմնում:
Փաստաբանների ահազանգերից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին են զանգել Քաջարանի բնակիչներ և տեղեկացրել, որ առավոտյան Ոստիկանության Կապանի բաժին բերման ենթարկված անձանցից մեկի մտերիմներն են, ով ազատ է արձակվել և գտնվում է իրենց մոտ: Ըստ Քաջարանի բնակիչների ահազանգի՝ բերման ենթարկված և ազատ արձակված անձի վրա առկա են մարմնական վնասվածքներ, Ոստիկանությունը նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել ինչպես տանից բերման ենթարկելու ընթացքում, այնպես էլ Ոստիկանության բաժնում, ինչպես նաև նրա հասցեին արվել են արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ: Ըստ ահազանգի՝ նա ներկայում հետազոտություն է անցնում բժշկական հաստատությունում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ուղարկվել լուսանկարներ, որոնք քաղաքացիների պնդմամբ՝ վկայում են բռնության փաստի մասին», – ասված է Պաշտպանի հայտարարության մեջ:
Հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պարզած նախնական տվյալով այս գործով առկա է ևս մեկ անձ, որ բերման ենթարկվել և ձերբակալվել է Երևանում:
«Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ», – նշում է Արման Թաթոյանը` հավելելով, որ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկի Դատախազություն և Ոստիկանություն։
Նշենք նաև, որ երել ոստիկանության բաժանմունքի մոտ էր նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։ Նա, Armtimes.com-ի տվյալներով, բաժանմունքում հանդիպել էր ձերբակալվածներին: Դուրս գալով ակցիայի մասնակիցների մոտ, նա հայտարարեց, որ քիչ առաջ հանդիպել է ձերբակալված երիտասարդներին եւ անձամբ տեսել, որ նրանց բոլորին բռնության են ենթարկել, այնուհետ բացականչեց «ամոթ»: Նույնը վանկարկեցին նաև ցուցարարները, սկսվեց աղմուկ-աղաղակ: