Home / Ոստիկանություն / Քննչականն արդարացնում է սիսիանցիներին ծեծած ոստիկաններին

Քննչականն արդարացնում է սիսիանցիներին ծեծած ոստիկաններին

Ապրիլի 7-ին Սիսիանում միջադեպ է գրանցվել ոստիկանության ծառայողների և քաղաքացիների միջև: Ոստիկանները բռնություններ են կիրառել քաղաքացիների նկատմամբ: Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակն, արձագանքելով լրատվամիջոցների հրապարակումներին, ձեռնամուխ է եղել իրավիճակի պարզաբանմանը: Գրասենյակի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Սիսիանի մաքսատան հարևանությամբ և կապված եղել պարետատան սահմանած ռեժիմի պահպանման հետ։ ՀՀ Ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մուրադյանի գլխավորությամբ, բռնություն են գործադրել Սիսիանի բնակիչներ՝ Մայիս, Մարտին և Արմեն Հարությունյանների նկատմամբ: Նրանցից Մարտին Հարությունյանն, ի դեպ, Սիսիան համայնքի ավագանու անդամ է:

ՀՔԱՎ գրասենյակին հայտնի է դարձել նաև, որ Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Մուրադյանը հայհոյանքներ է հասցրել այդ քաղաքացիներին, անգամ բռնություն գործադրել՝ հարվածելով նրանց։ Մարտին և Արմեն Հարությունյանները տեղափոխվել են Ոստիկանության Սիսիանի բաժին, ուր ևս բռնության են ենթարկվել։

Մարտին Հարությունյանի ինքնազգացողությունը վատացել է և նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն: Ավելի ուշ՝ ոստիկանի ուղեկցությամբ, բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև վնասվածքներ ստացած Արմեն Հարությունյանը։

Առաջնորդվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 309․1 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, չցանկանալով տալ քրեաիրավական որակումներ, պահպանելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, տեղյակ լինելով նաև սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաշվի առնելով սույն դեպքում հանցագործության հատկանիշների առերևույթ առկայության հանգամանքը՝ ՀՔԱՎ գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանից պահանջել է միջոցներ ձեռնարկել հանցագործության մասին սույն հաղորդմամբ ներկայացված փաստերի շուրջ համապատասխան քննություն կատարելու, ենթադրյալ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ քրեական գործ հարուցելու, պատասխանատու անձանց հայտնաբերելու, վերոնշյալ քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ։

Կազմակերպությունը հիշեցնում է, որ միջադեպի մասին ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

Նույն միջադեպի մասին հայտնել է նաև Քննչական կոմիտեն․ «Ապրիլի 7-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ Սիսիան համայնքի երկու բնակիչներ (հորեղբոր տղաներ) 2020թ. ապրիլի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Սիսիան-Երևան ավտոճանապարհին գտնվող անցակետում խախտել են ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը ու չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին, որի համար հրավիրվել են ոստիկանության Սիսիանի բաժին:

Իմանալով վերջիններիս՝ Ոստիկանության բաժին հրավիրվելու մասին՝ ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժնի վարչական շենքի դիմաց են հավաքվել նրանց մտերիմները, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն: Վերջիններս, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տևական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաշքշելով և մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, հայհոյելով, երթևեկությունը խոչընդոտելով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն»։