Հետևելով համացանցի հայալեզու հատվածին՝ սոցցանցերի գրառումներին, ամենատարածվող նյութերի մեկնաբանություններին և քննարկումներին, պարզ է դառնում, որ հայերեն խոսացող և հասկացող մարդկանց զգալի մասը դժվարանում է գրել հայատառ։ Սոցցանցերում, օրինակ, կան սոցիալական և այլ սուր խնդիրներ բարձրացնող խմբեր, որտեղ առաջնային պայմաններից է հայատառ գրելը։ Դա ստեղծում է մի իրավիճակ, երբ խնդրի կրողը կամ այն բարձրաձայնելու պատրաստ մարդը զրկվում է հանրային տարածքից, եթե չունի հայատառ գրելու հմտություն կամ հայատառ ստեղնաշար ապահովող հարմարանք։
Սակայն այս խնդիրները չեն կանգնեցնում Լեզվի կոմիտեին կոչ անել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին անտեսել հայերեն օտարատառ էլեկտրոնային նամակները։
Այսօր ՀՀ Լեզվի կոմիտեն հայատառ գրելու մասին կոչ֊հորդորակ է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները վերափոխել են իրենց աշխատանքը՝ քաղաքացիներին և կազմակերպություններին առաջարկելով անհետաձգելի կարիքների, խնդիրների և հարցերի վերաբերյալ դիմումներ, հարցումներ, նամակներ գրել առցանց։
Էլեկտրոնային նամակների հեղեղը, ցավոք, բացահայտեց տխուր իրականությունը. ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ պատկան մարմիններին հայերեն էլեկտրոնային նամակներ են հղում, որոնք գրված են օտար տառերով: Սա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի նկատմամբ:
Լեզվի կոմիտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ է անում պահպանել ՀՀ Սահմանադրության, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջները և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված հայերեն էլեկտրոնային նամակները գրել բացառապես հայատառ։
Լեզվի կոմիտեն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին կոչ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացված հայերեն օտարատառ էլեկտրոնային նամակներին ընթացք չտալ»։