Սիրելի ընկերներ,
Սեփական փորձից ելնելով, հորդորում եմ ձեզ, դիմել բժշկի ՄԻԱՅՆ եթե շատ վատ եք։ Ինչքան էլ տարօրինակ է, այս կարծիքին են նաև հակահամաճարակային միջոցառումներով զբաղվող հայ բժիշկները։ Թեև հարց է առաջանում՝ ինչո՞ւ են, այդ դեպքում, բոլոր ջերմություն ունեցողներին տանում թեստավորման։ Կարծես, որովհետև հայկական հակահամաճարակային միջոցառումները, համենայն դեպս այս պահի դրությամբ, ողողված են վիճակագրություն ունենալու մոլուցքով։ (Այս մոլուցքը հաստատեց նաև Արսեն Թորոսյանը՝ համեմատելով հայկական և վրացական հակահամաճարակային քաղաքականությունները):
Վիճակագրությունը, այլ ոչ թե վարակակիրների բուժումը կամ վարակի տարածումը կանխելն են այլսև առաջնահերթություն։
Վարակի բուժում չի կատարվում․ Նորքի ինֆեկցիոն կենտրոնում ես անցկացրել եմ մոտ երեք ժամ։ Հիվանդանոցում ավելի շատ հոգեբան և սոցաշխատող կար, քան թերապեվտ։ Թերապեվտներն էլ էին հոգեբանական աջակցությամբ զբաղվում։ Ինձ կցվել է հոգեբան, անգամ երբ ես հայտնեցի, որ հոգեբանական աջակցության կարիք չեմ զգում, ես չեմ անհանգստանում, և կարիք չկա ինձ հանգստացնել՝ ասելով, որ ամեն ինչ լավ կլինի։ Թերապեվտի հետ միակ առնչությունը եղել է թղթաբանությունը։ Թերապեվտն ինքն ասեց, որ ավելի շատ գրում է, քան շփվում պացիենտների հետ։ Նա իմ ներկայությամբ խնդրեց գլխավոր բժշկին իրեն տալ «արագ գրող բուժքույր»։ 10 րոպե տվյալներս գրելուն զուգահեռ, թերապեվտը ինձ ևս մեկ հոգեբանական տեքստ կարդաց․ «Եթե գրիպ լինեիք, կանհանգստանայի՞ք, դիմակ կհագնեի՞ք։ Եթե մարդիկ մահանում են, դա երբեք կորոնավիրուսից չի, այլ իմունային խնդիրների պատճառներով»։
Վարակի տարածումը չի փորձվում կանխել, այլապես դեռևս չթեստավորված մի քանի ահազանգողներին ժամերով չէին նստացնի շտապօգնության մեքենայի իզոլացված խցիկում, չէին տեղափոխի միասին և թեստից հետո՝ չէին խնդրի տաքսի կանչել և գնալ ինքնամեկուսացման։
Իմ մեքենայում տեղափոխվող տարեց կնոջ ինքնազգացողությունը վատ էր։ Մեր մեկ ժամվա ուղևորության ընթացքում նա ինձ հասցրեց պատմել՝ ինչով է կորոնավիրուսի հազը տարբերվում այլ հազերից, ինչով է գլխացավը տարբերվում այլ գլխացավերից, հասցրեց բողոքել նաև հարսից, որը չի պահպանել սոցիալական հեռավորությունը և վարակել ընտանիքի բոլոր անդամներին։
Մեքենայի վարորդն ասաց, որ տեղափոխում են մինչև հինգ մարդկանց միասին։ «Ես վարորդ մարդ եմ, ինձ ասում են, ես քշում եմ։ Հակահամաճակայաին նորմերից հարցրեք բժիշկներին»։ Նորքի գլխավոր բժիշկն ասաց, որ տեղափոխումով ինքը չի զբաղվում։ Այո, նա այլ զբաղմունք ուներ տարածքում՝ բորոլ նորեկներին ասում էր նույն տեքստը․ «Хватит․․, никаких гостиниц не будет! Все больные остаются дома!»։ Մենք ստիպված էինք արդարանալ, որ սանատորիա գնալու հույսով չենք եկել բժշկի։
Հոգեբանական խորհուրդերի արանքում բժիշկները չէին մոռանում իրենց՝ ինքնազոհաբար պատերազմում լինելու մասին և, եթե մեր խոսքը համարում էին ագրեսիվ, պատասխանում էին․ «Մենք համազգեստի մեջ ենք ձեր համար։ Էս շոգին, օրուգիշեր չենք քնում, այս ամենը ձեզ համար է։ Հարգանք ունեցեք»։
Ինչու էի ես գնացել թեստավորման և ինչու եմ ես սա գրում
Պետք է խոստովանեմ հետևայլ բաները․ հինգ օր 38 աստիճան ջերմելը մթագնել էր իմ ուղեղը։ Ինձ վրա ազդել էր նաև Կառավարության և Առողջապահության նախարարության պաթետիկ, հերոսական տեսանյութերը։ Ինչպես գիտենք, պրոպագանդան աշխատում է, նույնիսկ երբ մանիպուլյացիան նկատում ես։
Ես չեմ գրում, որ քննադատեմ վիճակագրությամբ տարվածությունը կամ բուժաշխատողների կրոնական ապավինումը՝ իմունիտետին։ Սրանք խորը հարցեր են և հիմա դրանք քննադելու ժամանակը չէ։ Ես ահնանգստանում եմ, որ վարակի նման աճի տեմպում շուտով կունենանք հոսպիտալացման կարիք ունեցող մարդանց մեծ թիվ, չի հերիքի թոքերի արհեստական օդափոխման սարքերը։ Մենք կունենանք իտալական իրավիճակ, որը նույնիսկ չի համարվի իտալական իրավիճակ, այլ պատերազմական անհրաժեշտություն։
Քնար Խուդոյան