Անցած մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 335-նոր դեպք, բուժվածների թիվն ավելացել է 162-ով, արձանագրվել է մահվան ևս 3 դեպք։ Հանրագումարով՝ մայիսի 21-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է վարակվածության 5 606 դեպք, որոնցից 2 581-ն՝ արդեն առողջացած, 97-ը՝ մահվան ելքով․ նրանցից 70-ը, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, 27-ը՝ «այլ պատճառներով»։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 2 928 մարդ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փոխանցմամբ, ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը 135 է, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը 63 է, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը՝ 15։
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/1548067238696099/
Վարակվածության դեպքերի թվի աճին զուգընթաց աճում է նաև ծանր և ծանյրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների և թոքերի օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը։ Թորոսյանի խոսքերով՝ վերակենդանացման բաժանմունքները դեռևս կարողանում են դիմանալ այս ճնշմանը, բայց անհրաժեշտություն կա հավելյալ ջանքեր գործադրել, որպեսզի այն չավելանա և ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներից որևէ մեկը զրկված չլինի բուժման հնարավորությունից։
Կորոնավիրուսի բուժման համար առանձնացվել է 203 ռեանիմացիոն մահճակալ։ Մահճակալներից 131-ն արդեն զբաղված է։ Նախարարն ընդգծել է՝ ռեզերվները այնքան էլ մեծ չեն՝ հաշվի առնելով այն, որ ի տարբերություն սովորական մահճակալների՝ ռեանիմացիոն մահճակալները շատ երկար են զբաղեցվում․ քաղաքացիները, որոնք դրական տեղաշարժով դուրս են գրվել, ռեանիամցիայում պարկել են միջինում 20 օր։
«Սա ինչի՞ եմ ասում։ Որպեսզի հասկանանք, որ, այո, հնարավոր է գա մի օր, որ այնտեղ էլ տեղ չլինի, և մենք ստիպված լինենք Հայաստանի Հանրապետության ամբողջ առողջապահական համակարգը դարձնել կորոնավիրուսի դեմ պայքարող համակարգ, ինչը խիստ անցանկալի է նաև ներհիվանդանոցային վարակի տարածման և արդեն իսկ ծանր հիվանդություններ ունեցող քաղաքացիներին ռիսկի տակ դնելու տեսանկյունից», – այսօր կայացած մամուլի ասուլիսին նշել է Արսեն Թորոսյանը։
Նախարարությունը վաղվանից փոխում է կորոնավիրուսային հիվանդության վարման ռազմավարությունը՝ առողջապահական կարողությունները կենտրոնացնելով բուժման կարիք ունեցող՝ միջին, ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների վրա։
Նախարարի խոսքերով՝ վաղվանից, հավանաբար, հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող ասիմպտոմ կամ թեթև ընթացքով պացիենտները կուղարկվեն տուն, նրանց ինքնամեկուսացումն այլևս կշարունակվի տնային պայմաններում՝ Առողջության առաջնային պահպանման օղակի հսկողության ներքո։ Հաստատված նոր դեպերը, որոնք չեն ունենա հիվանդանոցային բուժօգնության կարիք, ևս չեն հոսպիտալացվի և կմնան տանը։
«Արդեն երրորդ օրն է՝ ընթանում են ինտենսիվ հեռավար դասընթացներ Առողջության պահպանման առաջնային օղակի բժիշկների, բուժքույրների և կառավարիչների համար, որպեսզի այս գործընթացը չլինի քաոտիկ, այլ լինի կազմակերպված և Առողջապահության նախարարի հատուկ հրամանով հաստատված կարգով։ Մենք չենք բացառում, որ ասիմպտոմ իրավիճակը կարող է դառնալ սիմպտոմատիկ։ Հսկող բժիշկները պետք է կարողանանք բուժօգնության կարիքի բացահայտումը բաց չթողնել», – նշել է Թորոսյանը՝ ընդգծելով՝ սիմպտոմների ի հայտ գալուն պես բուժման կարիք ունեցողները կհոսպիտալիզացվեն հիվանդանոցներ։
Շարունակվելու է նաև հայտնաբերված դեպքերի շփման շրջանակները պարզելու և կոնտակտավորներին ինքնամեկուսացման ռեժիմի տակ դնելու գործընթացը։ Որքան կարող ենք, պետք է փոխանցման օղակները կոտրենք, նշել է նախարարը։ 335 դեպքի կոնտակտավորների շրջանակը պարզելը և ինքնամեկուսացման տակ դնելը որոշակի ժամանակ է պահանջում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի երևանյան մասնաճյուղը այժմ համալրվում է նոր անձնակազմով։
Բուժաշխատողների շրջանում մինչ օրս արձանագրվել է 375 վարակվածության դեպք։ Հիվանդանոցներում կա գերծանրաբեռնվածության խնդիր, մասնագետների պակաս։ Շարունակվում է նաև բուժանձնակազմի ընդլայնման, նոր կադրերի վերապատրաստման, ուսանողների ներգրավման գործընթացը։
Ինչ վերաբերվում է ֆինանսական միջոցներին՝ նախարարը նշել է, կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին մինչ այժմ փոխանցվել է 1 միլիարդ 98 միլիոն դրամ։ 2 միլիարդ 15 միլիոն դրամ Առողջապահության նախարարությունը արդեն իսկ ստացել է պետական բյուջեից, շուտով կստանան ևս 1 միլիարդ 420 միլիոն դրամ։ Պետական բյուջեից, այսպիսով, հատկացվել է ընդհամենը 4 միլիարդ 540 միլիոն դրամ։ Փաստացի ծախսը այս պահի դրությամբ կազմել է ընդհամենը 2 միլիարդ 4 միլիոն դրամ։
«Ես սա համարում եմ շատ փոքր թիվ նման լայնածավալ միջոցառման համար։ Կատաստրոֆիկ փորք թիվ։ Տարբեր գնահատականներով մեր երկրին այս գործողությունների համար անհրաժեշտ է լինելու մինչև տարվա վերջ մոտավորապես 300 միլիոն դոլար», – նշել է Թորոսյանը։
Մինչ օրս ծախսվախ 2․4 մլրդ դրամից 464 միլիոնը ծախսվել բժշկական կենտրոնների շինարարության վրա։ Ընդհանուր առմամբ՝ ԲԿ-ների շինաշխատանքների արժեքը կազմել է 752 միլիոն դրամ, որից 464-ը արդեն վճարվել է, 288-ը՝ կվճարվի հետագայում։
Բժշկական սարքավորումների վրա կծախսվի 1 միլիարդ 6 միլիոն դրամ ա․ մի մասը՝ պետական բյուջեից, մի մասը՝ վարկային միջոցներից և նվիրատվություններից։ 1․6 մլրդ-ից արդեն մատակարարվածը (վճարվածը)՝ 492 միլիոն դրամի, սպասողականը՝ 970 միլիոն դրամի և մրցութային փուլերում՝ 164 միլիոն դրամի։
Գրեթե բոլոր հյուրանոցները, որոնցում պահպվել են վարակված քաղաքացիները կամ նրանց կոնտակտվարոները, փոխհատուցվել են։ Եղել են հյուրանոցներ, որոնք համաձայնել են տարածնքները տրամադրել անհատույց (խոսքը, հատկապես, Ծախկաձորի հյուրանոցների մասին է, որտեղ միայն կոմունալ ծախսերն են փոխհատուցվել և այլն)։ Հյուրանոցային վճարումները, սակայն, իրականացնել են Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի պետական կոմիտեի կողմից, Առողջապահության նախարարությունը դրանոց չի զբաղվում, վերանշյալ թվերում այս ծախսերը ներառված չեն։
Որոշակի նյութական և ֆինանսական միջոցներ են ստացվել նաև միջազգային գործընկերներից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից նախարարությունը ստացել է մոտ 2 000 թեստ, Չինաստանից՝ ֆինանսական՝ 20 000 դոլարի չափով, Շվեյցարիայից՝ 40 000 շվեյցարական ֆրանկի չափով, Նիդերլանդներից՝ թեստերի տեսքով, Հնդկաստանից՝ դեղորայքի ձևով, Ճապոնիայից կստանա, հավանաբար, սարքերի ձևով, Ռուսաստանից ստացել է 20 000 թեստ և 33 500 ռեագենտներ, ջերմաչափեր և այլ ռեագենտներ, Արաբական Միացիալ Էմիրություններից՝ դիմակներ, ախտահանիչ նյութեր, Եվրամիությունից՝ 2․7 միլիոն եվրոյի չափով, Ասիական զարգացման բանկից՝ դրամաշնորհի տեսքով։ Աջակցություն է տրամադրել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը, Պարենի համաշխարհային ծրագիրը, Համաշխարհային բանկը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ՄԱԿ-ի բնակչության և մանկական հիմնադրամները, Կարմիր խաչը։ «Սրանք մեր մշտական գործընկերներն են, որոնց աջակցության համար մենք շնորհակալ ենք։ Հիմա աշխարհում բոլորն իրար օգնում են, այդ թվում մենք ենք օգնում մեր գործընկերներին՝ ինչով կարողանում ենք», – նշել է Թորոսյանը։
Հետագա անելիքները անորոշ են, նպատակները՝ նույնը․ կոտրել աճի տեմպը, տարածման շղթաները, բացառել հիվանդանոցների գերծանրաբեռնվածության և մահճակալների պակասի խնդիրը։ Նախարարը նշել է՝ Հայաստանն այս պահին գտնվում է դեպքերի 15-օրյա կրկնապատկման փուլում․ եթե այս տեմպը մնա նույնը, 15 օր հետո կունենանք մոտ 11 200, իսկ 30 օրից՝ մոտ 22 400 դեպք։
Կառավարության այսօրվա նիստի սկզբում համավարակային իրավիճակին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր գործերը լավ չեն․․ Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք կարող ենք պատկերացնել, կամ, ավելի ճիշտ, պատկերացնում ենք։ Եվ մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնակել համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակման միջոցառումների․․․Մենք պետք է կարողանանք իրականացնել կարանտին առանց կարանտինի», – նշել է Փաշինյանը։ Այս փուլում կառավարության որդեգրված մարտավարությունը սա է։ Տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումները վերականգնելու մտադրություն դեռևս չկա։ Դրա հավանականությունը, սակայն, չի բացառվում։