Home / Հայաստան / Սեդա Սաֆարյանի բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողներից մեկը կալանավորվել է

Սեդա Սաֆարյանի բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողներից մեկը կալանավորվել է

Փաստաբան Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հետախուզվող երկու անձանցից մեկը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2020 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 22:30-ին, Երևան քաղաքի Մուշ թաղամասում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, տևական ժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են, աղմկել, հայհոյել և Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակցություն ունեցած մյուս անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ, հայտնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Մարտի 1-ի լուծարված փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանն ավելի վաղ ասել էր, որ հարձակումից օրեր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված կտրուկ մերժողական դիրքորոշում է արտահայտել․ «Դրա հետ մեկտեղ օլիգարխների ուղարկած մարդկանց կրակելու վերաբերյալ տեղեկություններ եմ հայտնել, խոսել եմ Արցախի ներքաշման մասին, նաև հայտնի՝ ՀՀ֊ից դուրս գտնվող օլիգարխի հետ կապված խնդիրներ ունեմ, հարցում եմ արել Էրեբունի հիվանդանոց, թե Ռոբերտ Քոչարյանը ինչո՞ւ է այդքան արագ հիվանդանոցներում հայտնվում, ինչը շատ վրդովվեցրել է շատերին, էլ չեմ ասում, որ այստեղ գեներալներ կան, որոնց անուններն եմ հնչեցրել, բայց դրանք բոլորն էլ նույն խմբից են։ Ով էլ ինչ անի, անում է հանուն այդ շահի, հանուն իրենց միասնական պաշտպանության»։