Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն աճել է 452-ով, 81 հոգի առողջացել է, գրանցվել է մահվան 12 դեպք, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Հանրագումարով, մայիսի 25-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է վարակվածության 7113 դեպք, որոնցից 3145-ն` առողջացած, 126-ը՝ մահվան ելքով․ 87 հոգի մահացել է կորոնավիրուսից, կորոնավիրուսով վարակված ևս 39 հոգի, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է «այլ պատճառով»:
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
«Այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է», – գրում է Առողջապահության նախարարությունը։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 51594 թեստավորում:
Փաստացի բուժում է ստանում 3 842 հոգի:
Երեկ երեկոյան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից 154-ը զբաղված է։ Մնացել է ընդհամնենը 32 ազատ մահճակալ: Վարակվածության դեպքերի աճին զուգահեռ աճում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվը։ Վերջին տվյալներով՝ 230 հոգի ծանր և 52 ծայրահեղ ծանր վիճակում է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսել էր կորոնավիրուսի նոր բռնկման և անվտանգության կանոնների խստացման մասին։