Կորավիրուսի տարածման աճող տեմպերի և վարակի նոր «բռնկման» հիմնական պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով արդյունաբերական ձեռնարկություններն են. դեպքերի մոտ 80 տոկոսը արձանագրվում են արտադրամասերում և սպասարկման կետերում, որոնց գործունեության նկատմամբ սահմանափակումները մայիսի 4-ից սկսած աստիճանաբար մեղմվել կամ հանվել են։
Թեև Պարետատունն, ըստ Փաշինյանի, անվտանգության հստակ կանոններ էր սահմանել, որոնք պահպանելու դեպքում բռնկում տեղի չէր ունենա, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումների թուլացումը կանխատեսելիորեն հանգեցրել է դեպքերի թվաքանակի ավելացման։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/272692107449562/
«Մենք հասկացանք, որ տնտեսական առումով չենք կարող այլևս փակված մնալ։ Երկու ընտրություն կա՝ զուտ տնտեսական ընտրություն և զուտ առողջապահական ընտրություն։ Մենք փորձել ենք և շարունակելու ենք փորձել գնալ հավասարակշռված մոտեցմամբ, որտեղ տնտեսական առաջնահերթությունները երկրորդ պլան չեն մղվում, և առողջապահական առաջնահերթությունները երկրորդ պլան չեն մղվում»,- ֆեյսբուքի այսօրվա ուղիղ եթերի ընթացքում ասել է Փաշինյանը և փաստել՝ ունենք կորոնավիրուսի նոր բռնկում և շատ վտանգավոր իրավիճակ, բայցև կարողացել ենք խուսափել կտրուկ գնաճից և ազգային արժույթի «տատանումներից և ցնցումներից»։
Անվտանգության կանոնները, ըստ Փաշինյանի, այլևս կխստացվեն․ «Մենք ամեն անգամ կնախընտրենք մարդկանց բացատրել, ներկայացնել։ Իրականության փոփոխության գործիքը անհատի գիտակցության փոփոխությունն է, և մեր թիվ մեկ գործիքը հիմա էլ մնում է անհատական վարքագծի փոփոխությունը: Բայց, իհարկե, մենք նաև վարչական որոշակի լծակներ կգործադրենք:
Սրճարանները, բանկերի մասնաճյուղերը, ռեստորանները, արտադրական ձեռնարկությունները, վարսավիրանոցները, որտեղ անվտանգության կանոնները չեն պահվում, դաժան ձևով փակվելու են։ Ես հրահանգ եմ տվել, որ փակելիս նրանք, ովքեր կրկնակի խախտումներ են անում, չբավարարվեն 24 ժամ փակելով», – հայտարարել է Փաշինյանը` նշելով՝ բոլոր իրավախախտների անունները պետք է հրապարակվեն, որ քաղաքացիներն էլ իմանան, որ այդ վայրեր գնալն անվտանգ չէ իրենց համար:
Խստացվելու են նաև դիմակ կրելու կանոնները։ Փաշինյանը ներկայացրել է մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց ըստ պատշաճի դիմակ կրելը զգալիորեն կնվազեցնի, նույնիսկ կզրոյացնի վարակի տարածումը:
― Առևտրի բոլոր մասնակիցները այսուհետ անկախ գտնվելու վայրից պետք է լինեն դիմակով․ և՛ գնորդը, և՛ վաճառողը պետք է կրեն դիմակ:
― Բոլոր ավտոմեքենաներում, որոնք փակ տարածք են դիտարկվում, մեկից ավելի անձանց առկայության դեպքում դիմակ կրելը պարտադիր է բոլոր ուղևորների համար։
― Դիմակ կրելի պարտադիր է լինելու նաև բոլոր աշխատավայրերում՝ արտադրամասերում, գրասենյակներում և այլն։
Վարչապետը հորդորել է նաև փողոցներում ծանոթներին հանդիպելիս պահպանել սոցիալական հեռավորություն, շփվել միայն դիմակներով, ձեռքերը պարբերաբար ախտահանել:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն աճել է 359-ով, 128 հոգի առողջացել է, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք։
Հանրագումարով, Հայաստանում մինչ այժմ գրանցվել է վարակվածության 6 661 դեպք, որոնցից 3 064-ը արդեն առողջացած, 114-ը՝ մահվան ելքով․ 81 հոգի մահացել է կորոնավիրուսով, կորոնավիրուսով վարակված ևս 33 հոգի, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է «այլ պատճառով»:
Ընդհանուր առմամբ մինչ այժմ իրականացվել է 50 հազար 397 թեստ:
Փաստացի բուժում է ստանում 3 հազար 483 քաղաքացի: