Home / Առողջապահություն / Վերակենդանացման բաժանմունքում մնացել է 32 ազատ մահճակալ

Վերակենդանացման բաժանմունքում մնացել է 32 ազատ մահճակալ

Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին 154-ը զբաղված է, ազատ է ընդամենը 32-ը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

230 հոգի այս պահին ծանր և 52 ծայրահեղ ծանր վիճակում է, գրել է Թորոսյանը։

Ավելի վաղ՝ մայիսի 21-ի մամուլի ասուլիսին նախարարը նշել էր, որ ի տարբերություն սովորական մահճակալների՝ ռեանիմացիոն մահճակալները շատ երկար են զբաղեցվում․ քաղաքացիները, որոնք դրական տեղաշարժով դուրս են գրվել, ռեանիամցիայում միջինում պարկում են 20 օր։ Կորոնավիրուսի բուժման համար այս պահին առանձնացված է 203 ռեանիմացիոն մահճակալ, ռեզերվները այլևս մեծ չեն։ «Հնարավոր է գա մի օր, որ այնտեղ էլ տեղ չլինի, և մենք ստիպված լինենք Հայաստանի Հանրապետության ամբողջ առողջապահական համակարգը դարձնել կորոնավիրուսի դեմ պայքարող համակարգ, ինչը խիստ անցանկալի է նաև ներհիվանդանոցային վարակի տարածման և արդեն իսկ ծանր հիվանդություններ ունեցող քաղաքացիներին ռիսկի տակ դնելու տեսանկյունից», ֊ նշել էր նախարարը

Հայաստանում, հիշեցնենք, անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն աճել է 359-ով, 128 հոգի առողջացել է, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք։

Հանրագումարով, Հայաստանում մինչ այժմ գրանցվել է վարակվածության 6 661 դեպք, որոնցից 3 064-ը արդեն առողջացած, 114-ը՝ մահվան ելքով․ 81 հոգի մահացել է կորոնավիրուսով, կորոնավիրուսով վարակված ևս 33 հոգի, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է «այլ պատճառով»:

Ընդհանուր առմամբ մինչ այժմ իրականացվել է 50 հազար 397 թեստ:

Փաստացի բուժում է ստանում 3 483 քաղաքացի: