Ռուսաստանն առաջարկում է սահմանազատվել
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում ուղղակիորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ և հետևանք է սահմանների միջազգային իրավական ձևակերպման բացակայությանը։ Կողմերի փոխվստահության դեֆիցիտի պատճառով ճգնաժամը խորանում է։ Այսօր տեղի ունեցած ճեպազրույցին այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ վերստին շեշտելով՝ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով։
«Մենք մի քանի անգամ ընդգծել ենք, որ որպես խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և այնուհետև սահմանագծման աշխատանքների հնարավորինս արագ մեկնարկը։ Մենք պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական օգնությունը։ Այս պահի դրությամբ շարունակվում են շփումները արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների միջև, ինչպես նաև սահմանապահ ծառայությունների, այդ թվում՝ լարվածության թուլացման նպատակով», – ասել է Զախարովան։
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծել է՝ Ռուսաստանը պատրաստ է ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման գործում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նման դիրքորոշում էր հայտնել նաև ՀԱՊԿ-ը։
Կազկարեպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 3-ին հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանային էսկալացիան «սահմանային միջադեպ» է (այլ ոչ թե ագրեսիա) և չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին։
Մոսկվան հանդես է գալիս ականների քարտեզները առանց նախապայմանների փոխանցելու օգտին
Ճեպազրույցի ընթացքում խոսք գնաց նաև Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների ականազերծման մասին։
Ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման հարցը, ըստ Զախարովայի, դեռևս չի հաջողվել վերջնականապես լուծել։
Պաշտոնյայի խոսքով՝ ականների քարտեզների փոխանցումը Բաքվի համար «բացարձակ առաջնահերթություն է», և Ռուսաստանը հանդես է գալիս առանց նախապայմանների հարցի կարգավորման օգտին։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին 15 հայ գերիների «դիմաց» հայկական կողմը Ադրբեջանին էր փոխանցել Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները։ Հուլիսի 3-ին՝ կրկին 15 հայ գերիների վերադարձի «դիմաց» Բաքվին էին փոխանցեց Ֆիզուլու և Զանգելանի շրջանների քարտեզները։
Հունիսի 12-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քարտեզները ոչ թե փոխանակվել են գերիների հետ, այլ՝ Հայաստանն ուղղակի «քայլին քայլով է պատասխանել»։ Փաշինյանը հավաստիացրել էր, որ Երևանը «երբեք չի հրաժարվել» քարտեզները փոխանցելուց, հումանիտար գործընթացի շարունակականությունը խաթարվել է Ադրբեջանի կողմից։