Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը։
Հաղորդման համաձայն՝ պարզվել է, որ Առուշանյանը, ով նաև «Հայաստան» դաշինքի 32-րդ համարն է, կաշառք է տվել մի քանի ընտրողների։
ԱԺ արտահերթ ընտրություններից մի քանի օր առաջ Գորիսի ղեկավարը հանդիպել է Քարահունջի գյուղապետ Լուսինե ավետյանի հետ և առաջարկել ընտրություններից հետո դրամական օգնություն տրամադրել այն ընտրողներին, ովքեր կխոստանան ընտրել «Հայաստան» դաշինքին: Ավետյանը, սակայն, հրաժարվել է կաշառք առաջարկել ընտրողներին:
Բացի այդ, ապրիլի 28-ին Առուշանյանի պահանջով Ավետյանը կազմակերպել է վերջինիս հանդիպումը Քարահունջի մի խումբ բնակիչների հետ, ովքեր Գորիսի ղեկավարից տարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն են խնդրել: Այնուհետև այս մարդկանց Գորիսի համայնքապետարանի կողմից բանկային փոխանցման միջոցով տրամադրվել է 100.000-220.000 դրամ:
Հետագայում՝ Գորիսի ղեկավարը Ավետյանին հանձնարարել է ստանձնել «Հայաստան» դաշինքի՝ Քարահունջ բնակավայրի նախընտրական շտաբի ղեկավարման աշխատանքները և բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ մինչ այդ պահը Գորիսի համայնքապետարանից արդեն իսկ դրամական օգնություն ստացածներին մեկտեղել, որպեսզի նրանք մասնակցեն քարոզարշավին ու ընտրություններին և ընտրեն «Հայաստան» դաշինքին:
Քարահունջի գյուղապետն էլ, չարաշահելով պաշտոնեական դիրքը և օգտագործելով ընտրողների՝ սոցիալապես անապահաով վիճակում լինելու հանգամանքը, գյուղի բնակիչներին պարտադրել է մասնակցել ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:
Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որ կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը):
ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն այսօր ավելի վաղ բավարարել էր «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։
Նախօրեին հանձնաժողովը նրան և Սիսիանի համայնքապետին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։ Ավելի վաղ կալանավորվել են նաև Մեղրիի արդեն նախկին համայնքապետը, Որոտանի, Քաջարանի և Քարահունջի համայնքապետերը։