Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը 2 ամսով կալանավորվել է, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Հաղորդման համաձայն՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Զաքարյանը, խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջները, անձնականշ և խմբային շահերից ելնելով, կազմակերպել և իրականացրել է համայնքին պատկանող և 0,4388 հա մակերեսով հողամասի օտարումը, որը, ըստ Հայաստանի հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի, ներառված էր «Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի» ցանկում և համայնքի հատակագծում նշված էր որպես արգելոց։
Դեռևս 2011 թվականի մայիսին Մեղրիի ավագանու որոշմամբ թույլատրվել է հիշյալ հողատարածքը 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել՝ բազմամյա տնկարկներ հիմնելու նպատակով։ Համայնքապետարանի կողմից կայացած մրցույթի արդյունքում 20212 թվականի հուլիսին հողատարածքը հանձնվել է վարձակալությանը:
Սակայն վարձակալած հողատարածքում բազմամյա տնկարկներ հիմնելու փոխարեն, վարձակալը տարածքում կառուցել է սրճարան և, առանց համապատասխան թույլտվությունների՝ տարածքը ծանրաբեռնել հիմնական և ոչ հիմնական շինություններով:
Մեղրիի քաղաքապետը ոչ միայն չի կասեցրել անօրինական գործողությունները, այլև կազմակերպել է այդ հողատարածքը սեփականությամբ իր մտերիմ անձին օտարելու գործընթաց, որն իրականացնելու համար ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում իր տեղակալի և աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի կողմից 2019 թվականին կազմվել է կեղծ տեղեկանք՝ իբր Մեղրինշված հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքով սահմանված սահմանափակումների ցանկում։
Այս տեղեկանքի հիման վրա, Զաքարյանի կողմից 2020 թվականի մայիսի 25-ի որոշմամբ՝ հողատարածքն ընդգրկվել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում։
2020թ. հունիսի 24-ին Մեղրիի համայնքապետարանում տեղի ունեցած աճուրդի արդյունքում, որը կազմակերպվել է քաղաքապետի տեղակալի կողմից, հաղթող է ճանաչվել Զաքարյանի մտերիմ անձը։ Այնուհետև քաղաքապետի որոշմամբ, աճուրդի արդյունքներով, հողատարածքն օտարվել է հաղթող ճանաչված անձին և նույն օրը հիշյալ գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանի կողմից դիմում է ներկայացվել Կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկատվություն տրամադրելու մասին, որին ի պատասխան Կադաստրի մարզային բաժնի կողմից տրվել է միասնական տեղեկանք, որ հողամասն ընդգրկված է Հողային օրենսգրքով սահմանված հողամասերի ցանկում:
Հողամասի օտարումն ամեն գնով կազմակերպելու նպատակով Զաքարյանը պահանջել է Կադաստրի կոմիտե ներկայացնել նոր դիմում, որի հիման վրա համայնքապետարանի գլխավոր մասնագետը վերստին դիմել է կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ խնդրելով նախորդ տեղեկանքում կատարել սխալների ուղղում և լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնից հանել «ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի» գրառումը:
Նշված դիմումին ի պատասխան կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է նոր միասնական տեղեկանք, որի լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում նշվել է, որ գույքի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցումը կկատարվի՝ հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում:
Հողամասի օտարման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով, քաղաքապետի հանձնարարությամբ, Արզումանյանը պատրաստել է նշված հողատարածքի՝ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված չլինելու մասին կեղծ տեղեկանք, որը հաստատվել է համայնքի ղեկավարի կողմից:
Տեղեկանքի հիման վրա էլ հողատարածքն օտարվել է և ստացել պետական գրանցում:
Վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար, հուլիսի 8-ին միջնորդություն է ներկայացրել դատախազին՝ ԱԺ պատգամավորի թեկնածու հանդիսացող Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) դիմելու և համաձայնություն ստանալու համար։ Նույն օրը դատախազի կողմից համապատասխան միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ, որը բավարարվել է: Միջնորդություններ են ներկայացվել նաև քաղաքապետի տեղակալի և գլխավոր մասնագետի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Դրանք դեռևս չեն քննարկվել։
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին և տեղակալին՝ Արմեն Սամվելյանին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 314-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական կեղծիք) մասերով, իսկ համայնքապետարանի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
Մխիթար Զաքարյանը, հիշեցնենք, ներառված էր «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում՝ 17-րդ համարի ներքո։ Հուլիսի 9-ին նա հրաժարական էր տվել Մեղրիի քաղաքապետի պաշտոնից՝ ինչպես ինքն էր նշել՝ մանդատը վերցնելու և խորհրդարան տեղափոխվելու նպատակով։
Հուլիսի 11-ին ԿԸՀ-ն բավարարել էր Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուն համաձայնություն տալու մասին՝ դատախազության միջնորդությունը, իսկ երեկ նա ձերբակալվել էր: