Ղարաբաղում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին Հայաստանի կառավարությունը կշարունակի ամսական 68 000 դրամ աջակցություն տրամադրել։ 108 000 շահառուների աջակցության համար գործադիրը կհատկացնի ևս 7 միլիարդ 344 միլիոն դրամ․ որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։
Գումարը կհատկացվի շահառուներին հունիս ամսվա համար, իսկ դրամական աջակցության իրավունքը հունիսին ձեռք բերածներին՝ նաև նախորդ ամիսների համար։
Արցախցիներին ուղղված աջակցության ծրագրերի համար Հայաստանի կառավարությունն արդեն իսկ հատկացրել է 61,8 միլիարդ դրամ։
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի փոխանցմամբ՝ ծրագիրը կգործի այնքան ժամանակ, մինչև կառավարությունն արցախցիներին չապահովի բնակարաններով։
«Արցախի կառավարության ֆինանսական պարտավորությունների և իրավաբանական անձանց գույքային վնասները փոխհատուցելու ծրագրով նախատեսված ծախսը կկազմի տարեկան մինչև 10 մլրդ դրամ։ Հիմնադրամի հետ համատեղ հարցի լուծման նպատակով պետք է մոբիլիզացվի մոտ 104 մլրդ, ինչը նշանակում է, որ կառավարության ծախսը 3 տարվա կտրվածքով կկազմի շուրջ 52 մլրդ դրամ», – հավելել է Գրիգորյանը։