Home / Առողջապահություն / Հայաստանը պատրաստ է պատվաստել հյուրերին

Հայաստանը պատրաստ է պատվաստել հյուրերին

Օտարերկրյա քաղաքացիները այսուհետ կարող են պատվաստանյութ ստանալ Հայաստանում 10 օրից ոչ պակաս մնալու դեպքում միայն։

Պայմանների փոփոխությունը պայմանավորված է առկա և նոր ակնկալվող պատվաստանյութի քանակով։ Առողջապահության նախարարի պաշտոնակատարի փոխանցմամբ, նոր խմբաքանակներ ձեռք բերելու պարագայում սահմանափակումները կարող են վերանայվել։

Հայաստանում պատվաստանյութը հասանելի և անվճար է 18-ը լրացած բոլորի՝ այդ թվում զբոսաշրջիկները համար։ Բազմաթիվ օտարկրացիներ (հիմնականում՝ հարևան Իրանից) Հայաստան են գալիս հենց պատվաստվելու նպատակով։ Համացանցում օրեր առաջ շրջանառվող տեսանյութերի համաձայն՝ հայ-իրանական սահմանին մեկումեջ անգամ հերթեր են գոյանում։

Մինչև վերջերս զբոսաշրջիկների պատվաստումն իրականացվում էր առանց սահմանափակման։ Հետագայում որոշ սահմանափակումներ ներդրվեցին․ զբոսաշրջիկները այժմ կարող են անվճար պատվաստվել միայն շրջիկ կայաններում (ընդ որում՝ օրական ոչ ավելի, քան 50 հոգի) և միայն «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով։

Հյուսիսային պողոտայում տեղադրված կայանի մոտ մեծ հերթեր են գոյանում․ Հայաստանի քաղաքացիները կամ կացության իրավունք ունեցողները պատվաստվում են արտահերթ։ Վերջինների համար պատվաստումը հասանելի է նաև պոլիկլինիկաներում, որոնք հասանելի չեն զբոսաշրջիկների համար։

Օրական ոչ ավել, քան 50 հոգու պատվաստելու սահմանափակման պատճառով օտարերկրացիների մի մասը ստիպված է լինում գիշերել տեղում՝ առավոտյան հնարավորինս արագ հերթ կանգնելու համար։ Հակառակ դեպքում, ասում են, հերթն իրենց կարող է առհասարակ չհասնել։

Հայաստանյան մամուլում սա որոշակի «դժգոհություն» է առաջացրել։ Հարցը բարձրացվեց նաև այսօր՝ Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում։

Լրագրողներից մի քանիսին անհնագստացնում էր Հյուսիսային պողոտան, որը «վերածվել է չգիտես ինչի»։ Առողջապահության նախարարը փորձեց ճշտել՝ «ինչի՞ է վերածվել»։ Լրագրողներից մեկը պարզաբանեց՝ «անօթևանների բնակատեղիի, օրինակ»։ Անահիտ Ավանեսյանը խնդրեց «լինել կոռեկտ մեր երկիր եկած մարդկանց նկատմամբ» և «ձևակերպումները զգույշ տալ»։

Արդյո՞ք անվճար պատվաստումները արվում են այսպես կոչված «առողջապահական տուրիզմը» զարգացնելու նպատակով։

«Ընդհանրապես տուրիզմի բոլոր ճյուղերը զարգացնելու համար, նախ, այդ ճյուղը պիտի տվյալ երկրի քաղաքացիների համար լինի որակյալ, հասանելի և լավը։ ․․․Մեր նպատակը եղել է մեր քաղաքացիներին հնարավորինս հասանելի, հեշտ կերպով տրամադրել այս ծառայությունները, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև այլ երկրների քաղաքացիների համար», – պատասխանել է Ավանեսյանը։

Նախարարությունը, ըստ նրա, փորձում է լուծել շրջիկ կայանների մոտ կուտակումների կամ հերթերի հետ կապված խնդիրները։ Կախված առկա պատվաստանյութի քանակից՝ ծառայությունը շարունակվելու է մատուցվել բոլորին, այդ թվում՝ Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին․ մնացորդները, ըստ նրա, կառավարվում են այնպես, որ Հայաստանի քաղաքացիների համար որևէ պահի պատվաստանյութի խնդիր չառաջանա։