ԱՆ դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցածի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է Քրեական գործ՝ քրեական օրենսգրքի երկու հոդվածով։
Կառավարության այսօրվա նիստին այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։
Կոնկրետ ինչ հոդվածներով են քրգործեր հարուցել՝ Գրիգորյանը չնշեց։
Օրեր առաջ Հայաստանյան լրատվամիջոցներում դիահերձարանից լուսանկարներ էին տարածվում, ըստ որոնց՝ զինվորների մարմիններն ու մասունքները՝ ստիպակ պարկերի մեջ, պահվում էին դիահերձարանի փոքրիկ նկուղում՝ իրար վրա լցված։
Առողջապահության նախարարությունը հաստատեց, որ լուսանկարները իսկապես դիահերձարանից են արվել՝ Կենտրոնի «ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում»։ Նախարարության հայտարարությունում նշվում էր՝ «չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ, և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից»:
Հաջորդ օրը առողջապահության նախարարի ժ/պ Անահիտ Ավանեսյանը, ճիշտ է, ներողություն խնդրեց դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման և այն բանի համար, որ «որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չի այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին»։
Նախօրեին հաղորդվեց, որ Աբովյանի դիահերձարանի ղեկավարն ու երկու սանիտարներն ազատվել են աշխատանքից։
Արդարանալով տեղի ունեցածի համար՝ առողջապահության նախարարի ժ/պ-ն Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց, որ մինչև 2018 թվականն Հայաստանում ընդհամենը մեկ պետական դիահերձարան է եղել․ նախարարության ենթակայությամբ գործող դատաբժշկական կենտրոնն ունեցել է միայն Երևանի դիահերձարանը՝ բարոյապես մաշված սառնարանային կարողություններով։
Մարզերում մասնաճյուղեր չեն եղել։ Երևանի դիահերձարանն ունեցել է 25 սառնարանային տեղ, այժմ դրանց թիվը հասել է 200-ի։
Մեծամոր, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Սևան, Գորիս քաղաքներում այս ընթացքում հիմնվել են դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր։ Որոշ մասնաճյուղեր նորոգվել են, հիմնանորոգվել են։ Որոշները՝ դեռ ոչ։ Գործընթացը շարունակվում է։ (Այս մասին հունվարի 2-ին մանրամասն գրել էր նաև առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը)։
2018-ից առաջ, ըստ Ավանեսյանի, գենետիկական հետազոտությունների անցկացման համար սարքեր ընդհանրապես չեն եղել։ ԴՆԹ հետազոտություն անող առաջին սարքը ձեռք է բերվել 2018-ին։
25 տոկոսով աճել է նաև ոլորտում ներգրավված մասնագետների աշխատավարձային ֆոնդը․ 2017 թվականին ընդհանուր բյուջեն կազմել է 389 միլիոն դրամ, իսկ 2020-ին՝ 594 միլիոն դրամ։
«Ինչո՞ւ այս փոփոխություների արդյուքնում ունենք այս տեսարանը։ Մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելն այդքան հեշտ գործ չէ։ ՀՀ-ում այդպիսի համակարգ գոյություն չի ունեցել և մենք սկսել ենք այդ համակարգի հիմնադրումը», – եզրափակեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով նաև, որ միջադեպի հետ առնչություն ունեցող աշխատակիցներն արդեն իսկ ազատվել են աշխատանքից։
Հունիսի 1-ին Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ դատաբժշկական կենտրոնում այս պահին չկան փորձաքննություն չանցած մասունքներ․ ունեն 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են։ Դրանց մի մասը, այս պահի դրությամբ՝ 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: Մի մասի տվյալներն էլ նույնականացված են, դրանք փոխանցվել են համապատասխան մարմնին, բայց դեռ հարազատների կողմից չեն վերցվել հուղարկավորման։