ԱՆ դատաբժշկական ծառայությունը այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկել 2996 զոհված զինծառայողի մարմին:
«Այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 մարմին: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1816 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից` 993 ԴՆԹ նմուշ», – «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Դեկտեմբերի 10-ի դրությամբ հարազատների 256 նմուշ և մարմինների 541 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել է 302 մարմին:
Գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 գենետիկական վերլուծիչ համակարգը Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 2018 թվականին։
Սարքավորումը միակն է և, հաշվի առնելով պատերազմը, այն աշխատում է 24/7 ռեժիմով:
Նախարարությունը բանակցություններ է վարում արտադրողների հետ սեքվենատորի ևս մեկ հոսքագիծ ձեռք բերելու և տեղադրելու շուրջ։