Գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի և Կարմիր խաչի ՄԿ-ի հետ հանդիպմանն այս մասին ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանն։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ավինյանն առաջարկել է նաև ստեղծել մեխանիզմ, համաձայն որի՝ եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, նրանք անմիջապես ու առանց որևէ նախապայմանների պետք է հետ վերադարձվեն նրանց:
«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, հիշեցնենք, նախօրեին առաջարկել էր նաև ադրբեջանական կողմը․ Ադրբեջանի պրոֆիլային հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, որով վերահաստատել էր Հայաստանի հետ այդ ձևաչափով գերիների փոխանակման մտադրությունը:
Մինչև պատերազմը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակմանը հայկական կողմը չէր համաձայնում։ Հայաստանը, մասնավորապես, մերժում էր չճանաչված Արցախի Հանրապետության դատաիրավական համակարգի կողմից (իբրև դիվերսանտ) ցմահ և 20 տարի ազատազրկման դատապարտված Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին վերադարձնելու պահանջը։ Ադրբեջանն ի պատասխան հրաժարվում էր հայկական կողմից հանձնել հայ (ռազմա)գերիներին։
Պատերազմի ավարտից մոտ երեք շաբաթ անց, գերիների փոխանակման հարցը մնում է անորոշ․ ռազմագերիների թիվը մինչ այժմ չի հրապարակվել, հայտնի չէ նաև՝ երբ տեղի կունենա փոխանակումը։ Ղարաբաղի ՄԻՊ-ը հայտնել էր մոտ 60 հայ (ռազմա)գերիների մասին, որ պահվում են Ադրբեջանում․ թիվը հիմնվում է ոչ թե պաշտոնական տվյալների, այլ պատերազմի ընթացքում համացանցում հայտված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների վրա։ Հրապարակված տեսանյութերում երևացող մարդկանց մեծ մասն արդեն նույնականացված է։ Տասնյակ դիմումներ են ներկյացվել նաև Եվրադատարան՝ Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու պահանջով։
Գերիների փոխանակման գործընթացին այսօր անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա նիստին վարչապետն ընդգծել էր՝ չնայած արդեն երեք շաբաթ է, ինչ ավարտվել են ռազմական գործողությունները, կան հարցեր, որոնք հրատապ կարգավորման կարիք ունեն, և առաջին հերթին՝ վերաբերող ռազմագերիների և խաղաղ բնակչության շրջանում գերիների, անհետ կորածների և սպանվածների մարմինների վերադարձին։ Հայկական կողմը պատրաստ է ակտիվացնել քայլերը նրանց փոխանակման ուղղությամբ, ասել էր Փաշինյանը՝ կրկին շեշտելով, որ «պետք է բացառել բռնությունների գործադրումը ռազմագերիների ու ձերբակալված այլ անձանց նկատմամբ»։
Նախօրեին ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, թե Ռուսաստանը ԼՂ գոտում գերիների ու աճյունների փոխանակման հարցում դիտավորյալ ձգձգման միտում չի տեսնում։ Գործընթացի արագ առաջ շարժման համար կան օբյեկտիվ դժվարություններ, ասել էր Լավրովը՝ որպես օրինակ հիշատակելով «տեղանքի ռելիեֆը, ռազմական գործողությունների բնույթն ու այն, որ մինչ օրս անհետ կորածների հստակ ցուցակներ չկան»։
Նույն ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ ռազմագերիների ու պատանդների փոխանակումը։
Նրա այս հայտարարությանը հաջորդել էր ադրբեջանական կողմի՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում անելու մասին հաղորդագրությունը։