Home / Բանակ / Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներ են սկսվել

Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներ են սկսվել

Արցախի արտակարգ իրավիճակների պետծառայությունը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներ է իրականացնում Հադրութի շրջանում:

ԱՀ ԱԻՊԾ ներկայացուցիչ Հունան Թադևոսյանի խոսքերով՝ զինադադարից հետո մեկնարկած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և ծնողներին է փոխանցվել 655 զոհված զինծառայողի մարմին։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Զանգելանի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութից հարավ ընկած հատվածներում որոնողական աշխատաքներ դեռ չեն իրականացվել. Կարմիր խաչի և ադրբեջանական կողմի միջև դեռևս բանակցություններ են ընթանում:

Արդեն շաբաթներ շարունակ պաշտպանության նախարարության, կառավարության, ռուսաստանի դեսպանության դիմաց գրեթե ամեն օր հավաքվում են անհետ կորած զինծառայողների հարազատները․ նրանցից շատերն արդեն 40-50-60 օր լուր չունեն իրենց երեխաներից։ Պաշտոնական աղբյուրները լռում են։ Շատերը վստահ են, որ իրենց երեխաները մնացել են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքներում։

Օրեր առաջ գերեվարված, անհետ կորած զինծառայողների հարցերով հանձնաժողովի (գործում է նոյեմբերի 3-ից) նախագահ Վիտալի Ոսկանյանը նշել էր, որ զինադադարի հաստատումից և մի շարք ընթացակարգերի շուրջ պայմանավորվածություն ձեռբերելուց հետո Կարմիր խաչի և ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ որոնողական աշխատանքներ են սկսել հայկական կողմի վերահսկողության տակ գտվող տարածքներում։ Զոգահեռաբար ընթանում է նաև աճյունների փոխանակման գործընթացը։ Ջաբրայիլը, Կուբաթլուն, Զանգելանը և մյուս հատվածները, որ պատերազմի ընթացքում անցել են Ադրբեջանին, հայկական կողմի համար, սակայն, հասանելի չեն։ Հասանելի չէ նաև միջանկայլ կարգավիճակ ունեցող Հադրութը։ Այդ տարածքների շուրջ ռուսական և ադրբեջանական կողմերի միջև բանակցություններ են ընթանում․․․։ Այն կողմում մնացած մարմինների ճակատագիրը զինադադարից 15 օր անց էլ մնում է անորոշ։