Մինչ այժմ Հայաստանի տարբեր բնակավայրերից Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 55 հազար բնակիչ: Այս մասին ասել է Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:
Միրզոյանի փոխանցմամբ, հայկական և ռուսական կողմի հրապարակած թվերը տարբերվում են, քանի որ ռուս խաղաղապահները մինչ այս հաշվառել և ուղեկցել են միայն Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով վերադարձած ավելի քան 23 հազար արցախցիներին:
«Շատերը վերադարձել են մինչ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի փակվելը՝ սեփական տրանսպորտային միջոցներով: Այստեղ ռուս խաղաղապահներ այդ ժամանակահատվածում չեն եղել: Ուստի վերադարձողների հաշվառում չի իրականացվել», – «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է նախարարը:
Ինչ վերաբերում է վերադարձողներին կացարանով ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքերին՝ պաշտոնյան տեղեկացրել է, որ ներկայումս Ստեփանակերտի հյուրանոցներն ու մյուս հնարավոր կացարանները զբաղեցրած են: Պետությունն այժմ վարձակալում է գյուղական առանձատներ ու տրամադրվում ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչներին: Աշխատանքներ են տարվում նաև գյուղական առանձնատների ձեռքբերման ուղղությամբ, որոնց սեփականատերերը փաստացի չեն բնակվում այնտեղ:
«Ինչ վերաբերում է Ստեփանակերտ հրթիռահրետակոծության հետևանքով բնակարան կորցրած բնակչությանը, ապա քաղաքապետարանը գույքագրել է վնասները: Մասնակի վնասված բնակարաններն արագ վերականգնվում են և տրամադրվում բնակիչներին: Առավել խոշոր ավերածությունների ենթարկված շենքերի բնակիչներին տեղավորելու հնարավորություն կընձեռվի դրանց վերականգնումից հետո միայն», – նշել է Միրզոյանը: