Պուտինը սատարում է Փաշինյանին։ Եվ կոչ է անում ՀԱՊԿ անդամ երկրների մյուս ղեկավարներին անել նույնը։
«Հայաստանի ղեկավարությունը, Կառավարության ղեկավարը ստիպված են եղել ընդունել շատ բարդ, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշում», – ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա նիստին հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Այդ որոշումները, ըստ նրա, ցավոտ էին, բայց անհրաժեշտ․ «Դրանց ընդունումը Հայաստանի վարչապետի անձնական խիզախություն էր պահանջում։ Այս նիստին ներկաներից բոլորը հասկանում են պատասխանատվության չափը նման որոշումներ կայացնելու դեպքում։ Նա այդ որոշումը կայացրել է և պատասխանատվությունն իր վրա է վերցրել։ Մեր խնդիրն է աջակցել Հայաստանի վարչապետին և նրա թիմին, որպեսզի կարգավորվի խաղաղ կյանքը, կյանքի կոչվեն [նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ] ընդունված որոշումները, և որպեսզի օգնենք բարդ իրավիճակում հայտնված մարդկանց», – ասել է Պուտինը։
Հեռավար գագաթնաժողովը նախագահում էր Ռուսաստանի նախագահը։ Մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետ։
Հայկական կողմի համար անհետաձգելի է գերիների ու աճյունների փոխանակման հարցը, իր ելույթում ընդգծեց Փաշինյանը։
Չնայած արդեն երեք շաբաթ է, ինչ ավարտվել են ռազմական գործողությունները, ըստ նրա՝ կան մի շարք հարցեր, որոնք հրատապ կարգավորման կարիք ունեն․ «Առաջին հերթին խոսքը ռազմագերիների և խաղաղ բնակչության շրջանում գերիների, անհետ կորածների և սպանվածների մարմինների վերադարձի մասին է»։
«Պետք է բացառել բռնությունների գործադրումը ռազմագերիների ու ձերբակալված այլ անձանց նկատմամբ», – ասաց Փաշինյանը։ Հայկական կողմը, ըստ նրա, պատրաստ է ակտիվացնել քայլերը նրանց փոխանակման ուղղությամբ։