Արցախի Մարդու իրավունքների պաշտխան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ այս պահին հայկական կողմն ունի մոտ 60 ռազմագերիների մասին տվյալներ, որոնք Կարմիր Խաչին են տրամադրվում և, ըստ անհրաժեշտության, նաև ռուսական կողմին և քաղաքական ղեկավարությանը։ Լրագրողների հետ զրույցում Օմբուդսմենն ասել է, որ մոտ 30 ռազմագերու ինքնությունն ինքնուրույն են կարողացել պարզել։
Տրամադրված տվյալների շնորհիվ Կարմիր Խաչին հաջողվել է կապ հաստատել տվյալ ռազմագերիների հետ։
«Մոտավոր հաշվարկով՝ ի սկզբանե կար մոտ 30 անհետ կորած, նրանց մի մասի ճակատագիրը այժմ պարզվել է։ Նրանք քաղաքացիական ներկայացած անձինք են, որոնց հետ Կարմիր խաչը կապ է հաստատել: Մի մասով էլ, եթե չեմ սխալվում՝ 11-ով, հաստատվել են մահվան դեպքեր, և նրանցից 7-ի մարմինները վերադարձվել են մեզ կամ մեր փրկարար ծառայություններն են գտել», – տեղեկացրել է Բեգլարյանը՝ նշելով նաև, որ քաղաքացիական գերիների մասին տվյալների ողջ վերլուծությունն իրենք են կատարում, քանի որ բոլորը գտնվել են Արցախում․ «Երբ ադրբեջանական կողմը ներխուժել է, հիմնականում եղել են իրենց բնակավայրերում կամ տներում»։
Նշված 7 քաղաքացիական անձինք էլ սպանվել են, և գրեթե բոլոր դեպքերով, եթե ոչ բոլորով, նրանց մարմնի վրա առկա են եղել խոշտանգման, խեղման հետքեր, այդ թվում՝ հետմահու, ասել է Բեգլարյանը։ Նրա խսքով՝ կան նաև ադրբեջանական կողմից հրապարակված տեսանյութեր, որոնցում կենդանի վիճակում մարդկանց գլխատում են կամ ականջները կտրում․ այս բոլոր տեղեկությունները իրենք վերլուծում են, անձնանց ինքնությունները պարզում, ներկայացնում Կարմիր խաչին և ռուսական կողմին․ «Գլխավոր պատասխանատուն և միակ հանցագործը այստեղ ադրբեջանական կողմն է, որը ժամանակ է ձգում գերիների, որոշ դեպքերում՝ նաև դիերի փոխանակման համար»։