Home / Բանակ / Ֆրանսիան չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը

Ֆրանսիան չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը

Պաշտոնական Փարիզը չի ճանաչի «ինքնահռչակ» Ղարաբաղի անկախությունը։ Նոյեմբերի 26-ին այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մեր պարտավորություն ունենք աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված լուծումը գտնելու ուղղությամբ, հատկապես՝ կարգավիճակի հարցում», – նախօրեին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։

ԱԳՆ-ն ընդգծել է՝ բանակցությունների վերջնարդյունքը չի կարող որոշվել «նախապես և միակողմանիորեն»։ Ուստի, Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, չի կարող «նախապես և միակողմանիորեն» չանաչել «ինքնահռչակ» հանրապետությունը։

«Այսօր մեր առաջնահերթությունը պետք է լինի վերջին մի քանի շաբաթների հակամարտության արդյունքում տեղահանվածների անվտանգ վերադարձի ապահովումը: Պետքարտուղարը Սենատին ուղղված իր ելույթում նշեց, որ մինչ օրս ոչ մի պետություն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը:

․․․Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիան կպարտավորվի առաջ շարժվել բոլոր այն չափանիշներով, որոնք դեռ պետք է բանակցվեն նոյեմբերի 9-ի հրադադարից հետո, մասնավորապես՝ հակամարտության ընթացքում տեղակայված օտարերկրյա վարձկանների հեռացումը կամ տարածաշրջանի պատմական ու մշակութային ժառանգության պաշտպանությունը», – ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, մի բանաձև էր ընդունել, որով կոչ էր անում Կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Խորհրդատվական բնույթ ունեցող այդ փաստաթղթում օրեսդիրները նշել էին, որ Ադրբեջանն անցած տասնամյակների, վերջին պատերազմի ընթացքում ապացուցել է, որ չի կարող երաշխավորել Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունը, և եզրակացրել՝ խնդրի միակ ու տևական լուծումը կարող է լինել Ղարաբաղի ճանաչումը։ Փաստաթղթում խոսվում է նաև ադրբեջանական զինուժի՝ սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում վերցված տարածքներից անհապաղ դուրսբերման անհրաժեշտության մասին:

Ադրբեջանը Սենատի այս որոշմանն ի պատասխան երեկ բողոքի նոտա էր հղել Ֆրանսիայի դեսպանին։ Ադրբեջանի խորհդարանն առհասարակ պահանջել էր հանել Ֆրնասիային Մինսկի խմբի կազմից՝ Փարիզի կողմնակալության հիմքով։ Կոշտ քննադատությամբ էր հանդես եկել նաև Թուրքիայի արտգործնախարարությունը։

Ավելի վաղ՝ Սենատի բանաձևի քվեարկությունից առաջ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանն էր հայտարարել ՝ Լեռնային Ղարաբաղի անկաությունը որևէ երկիր մինչ օրս չի ճանաչել, և Ֆրանսիայի կողմից միակողմանի ճանաչումն օգտակար չի լինի ոչ Հայաստանի, ոչ Ղարաբաղի ժողովրդի, ոչ էլ Ֆրանսիայի համար՝ խոչընդոտելով խաղաղ գործընթացին։