Ադրբեջանում գերության մեջ հայտնվածների թվում կան նաև քաղաքացիական անձինք, նմանատիպ մի քանի դեպք արդեն իսկ հաստատված է։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Զրուցակիցը ենթադրեց, որ անձը չհաստատված գերիներ ևս կարող են լինել․
«Մենք Եվրոպական դատարան դիմում ենք հրատապ միջոց կիրառելու պահանջով այն բոլոր դեպքերում, երբ ունենք նվազագույն շեմը հաղթահարող ապացույցներ առ այն, որ զինծառայողները ողջ վիճակում ադրբեջանցիների ձեռքում եղել են ինչ-որ մի պահի»։
Երեկ Զեյնալյանը հայտնել էր Եվրոպական դատարանում 17 հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին՝ նշելով, որ ՄԻԵԴ-ը նրանց գործով բավարարել է իրենց դիմումները և որոշել հրատապ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ։
Նշենք, որ այս օրերին ադրբեջանական տարբեր աղբյուրներ տեսանյութեր են հրապարակում, որոնցում մարդիկ իրենց բարեկամների են ճանաչում և ահազանգում գերության մեջ հայտնվելու մասին։
Մի շարք անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ շարունակում են բողոքի ակցիաները։ Ոմանք սպաների անուններ են նշում՝ պնդելով, որ վերջիններս լքել են զինվորներին և «իրենց կաշին փրկելու համար՝ փախել են»։ Ցուցարարների մի մասը նաև որոշեց շարժվել դեպի Ռուսաստանի դեսպանատուն, որն, ըստ նրանց, կարող է օգնել։
Նոյեմբերի 23-ին վարչապետն ընդունել էր կառավարության մոտ հավաքված մարդկանց։ Փաշինյանը, մասնավորապես, նշել էր, որ ամենակարևորը մարդկանց հետ ամենօրյա կոմունիկացիան է․ «Պետական կառույցներն պետք է իրե՛նք գնան, հանդիպեն և խոսեն ընտանիքների հետ»։