Ռուսաստանի զինվորականները արդյունավետ վերահսկում են Լեռնային Ղարաբաղի հրադադարի ռեժիմը, որին հետևում են հակամարտության երկու կողմերն էլ։ Իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայունացել է։
Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը նվիրված նիստում այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը շեշտել է, որ Աղդամի ու Լաչինի շրջաններից հայկական զինված ուժերի դուրսբերումից հետո պետք է ապահովել տեղում մնացած խաղաղ բնակիչների, այդ թվում՝ հայերի անվտանգությունը․ «Անհրաժեշտ է կապվել ադրբեջանցիների հետ, որպեսզի ազատագրվող տարածքներում իրավիճակը լինի կայուն և այնպիսի, որը պայմաններ կստեղծի երկու ազգերի համատեղ կյանքի համար՝ առանց կենցաղային հողի վրա հնարավոր բախումների»։
Այսօր ավելի վաղ հայտարարվել էր, որ Ադրբեջանի զինուժը արդեն մտել է Աղդամի շրջան, որը, համաձայն նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի, հանձնվել է Ադրբեջանին։
Հայկական զինուժը և քաղաքացիական բնակչությունը էվակուցավել է ռուս խաղաղապահների վերահսկողությամբ․ գործընթացն, ըստ Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության շտաբի ղեկավար Անդրեյ Վոլկովի, իրականացվել է առանց որևէ միջադեպի կամ սադրանքների։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս ավարտված է, հայտարարել է Պուտինը․ «Ի վերջո, տեղում քաղաքակիրթ մարդիկ են, և ես գիտեմ, որ նրանք ընդհանուր առմամբ, բարյացակամ են տրամադրված»։
Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, թե իր համար անակնկալ էր, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագիրը խոչընդոտելու միտումներ կան: Պուտինի կարծիքով՝ մարդիկ պետք է հասկանան, որ դրա չիրականացման այլընտրանքը պատերազմն է․ «Եթե նման բան տեղի ունենա, թափվող արյունը կմնա այդ մարդկանց ձեռքերին»։
Տեսակոնֆերանսի ընթացքում կարճ զեկույցներով հանդես են եկել նաև Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության պետ Ալեքսանդր Բորտնիկովը և Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը։
Նշվել է, որ
— Հայկական կողմի խնդրանքով ռուսական սահմանապահ ուժերը համալրվել են 188 զինծառայողներով և անհրաժեշտ տեխնիկայով: Սահմանապահները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կկենտրոնացնեն հավելյալ ուժեր։
— Նոյեմբերի 18-ից սկսած ՊՆ և ԱԴԾ օդուժն արդեն իրականացնում է հավելյալ ուժերի տեղափոխումը: Նոյեմբերի 22-ին հավելալ ուժերը կժամանեն տեղակայման վայր և կսկսեն ծառայության իրականացումը:
— Մեղրիի սահմանային ջոկատում կհիմնվի օպերատիվ խումբ՝ հավելյալ ուժերի ղեկավարման համար։
— Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ կենտրոնի աշխատակիցներն ԼՂ-ում իրականացնում են վնասների գնահատում: Նախնական տվյալով՝ ԼՂ 4 շրջանի 40 բնակավայրում ամբողջությամբ ավերվել է 284 շինություն։
— Հումանիտար օգնության՝ շինանյութի առաջի շարասյունն այսօր Ռուսաստանից ուղևորվել է Ղարաբաղ: Ռոստովի շրջանում իրականացվում է 300 տ. շինանյութի բեռնում։ Եվս 30 բեռնատար ուղարկվի նոյեմբերի 21-ին:
— Ակնկալվում է 30,000 տեղահանվածների վերադարձ ԼՂ, գործող ենթակառուցվածքները թույլ են տալիս տեղավորել մինչև 5000 մարդու:
— Միջգերատեսչական օպերատիվ կենտրոնում աշխատելու համար ԼՂ են ուղևորվել աշխատանքային խմբեր, որոնք բաղկացած են տեխնիկներից, հոգեբաններից և այլ մասնագետներից, ինչպես նաև կարող ենք տրամադրել հատուկ մասնագետների՝ բնակավայրերում չպայթած զինատեսակների վնասազերծման համար։
Պուտինը նշել է, որ իրականացվող և իրականացվելիք միջոցառումները հավելյալ ֆինանսավորման կարիք ունեն և խնդրում, որ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը ևս ընդգրկվի աշխատանքներում։
Նա նաև շեշտել է, որ ռուսական կողմի «մարդասիրական ջանքերը և մասանգիտացված միջազգային կազմակերպությունների ներգրավումը հետագայում կօգնեն հասնել քաղաքական կարգավորման՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հարատև և վստահելի կարգավորման», և հավաստիացրել՝ Ռուսաստանը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ համագործակցությունը: Աշխատանքները կշարունակվեն։