Home / Բանակ / Եթովպիան հարձակվել է անջատականների մայրաքաղաքի վրա

Եթովպիան հարձակվել է անջատականների մայրաքաղաքի վրա

Եթովպական զինվորականները հարձակում են սկսել Եթովպիայի՝ Սուդանի և Էրիթրեայի հետ սահմանակից հյուսիսային Տիգրայ շրջանի մայրաքաղաք Մեկելեի վրա։ Այս մասին հայտնում են տեղական իշխանություններն ու մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Կառավարական ուժերի և «Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի» միջև հակամարտությունը շարունակվում է ավելի քան երեք շաբաթ։ Հազարավոր մարդիկ զոհվել են, շատերը ստիպված են եղել փախուստի դիմել։ ՄԱԿ-ը զգուշացնում է սպասվող խոշոր հումանիտար ճգնաժամի մասին։

Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդ Ալին, ով 2019 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակ էր ստացել հարևան Էրիթրեայի հետ տարիներ շարունակված հակամարտության խաղաղ լուծման համար, դեռևս չի պատրաստվում բանակցություններ սկսել անջատականների հետ, իսկ «Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի» անդամները խոստանում են կռվել մինչև հաղթանակ։

Ավելի վաղ, եթովպական իշխանություններն անջատականներին հայտնել էին, որ չհանձնվելու դեպքում կառավարական զորքերը հարվածներ կհասցնեն Տիգրայի մայրաքաղաքին։

Զինված բախումների արդյունքում հարյուրավոր մարդիկ սպանվել են, մի քանի հազար բնակիչ ստիպված է եղել թողնել իր տունը։

Տիգրայում կատարվող իրադարձությունների մասին մանրամասներ հայտնի չեն․ բջջային և ինտերնետային կապը շրջանում արգելափակված են։ Իշխանությունները պնդում են, որ խաղաղ բնակչությանը վտանգելու մտադրութուն չունեն, իսկ անջատականների դեմ ռազմական գործողությունների թեժացման դեպքում մարդասիրական միջանցք կկազմակերպեն ու շրջանից կհեռացնեն քաղաքացիական անձանց։

Ի՞նչ է ժողովրդական ճակատը

Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատը կազմված է զինված և լավ ռազմական պարաստություն անցած շուրջ 250 հազար ապստամբներից։

Ռազմական վերլուծաբանները մտավախություն են հայտնում, որ անգամ Տիգրայի մայրաքաղաք Մեկելեն կորցնելուց հետո ճակատի մարտիկները կարող են շարունակել կռվել՝ պարտիզանական մարտերի միջոցով։

Ժողովրդական ճակատի առաջնորդ Դեբրեցիոն Գեբերեմայքլը հայտարարել է, որ իրենցք պատրաստ են կռվել մինչև վերջ՝ հանուն շրջանի անկախության։

Մարդու իրավունքների պաշտպանության եթովպական հանձնաժողովը, որը նշանակվում է կառավարության կողմից, Տիգրայի երիտասարդական խմբավորումներից մեկին մեղադրել է նոյեմբերի 9-ին Մայ-Քադեր քաղաքում ավելի քան 600 մարդու սպանության մեջ։ Հանձնաժողովի պնդմամբ, այդ սպանությունների մեծ մասն իրականացվել է սառը զենքի միջոցով, ոմանք էլ ողջակիզվել են։

Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատը հերքում է իր կապն այդ սպանությունների հետ և միջազգային անկախ քննություն պահանջում։

Տիգրայ շրջանի մասին

Տիգրայը գտնվում է Եթովպիայի հյուսիսում։ Սահմանակցում է Էրիթրեայի և Սուդանի հետ։ 6 միլիոն բնակչության 95 տոկոսը էթնիկ տիգրայիներն են։

Շրջանի բնակչությունը Եթովպիայի բնակչության 5.7 տոկոսն է կազմում, բայց հենց Տիգրայի ներկայացուցիչներն են տարիներ շարունակ կարևոր բարձրաստիճան պաշոններ զբաղեցրել եթովպական բանակում։

Եթովպիայի ներկայիս վարչապետ Աբի Ահմեդն այս տարվա սեպտեմբերի 9-ին նախատեսվող համապետական և տեղական ընտրությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգել էր։

Տիգրայ ինքնավար նահանգի նախագահ Դեբրեցիոն Գեբերեմայքլը, սակայն, որոշել էր շրջանում առանձին ընտրություններ կազմակերպել, որոնց արդյունքների հաամձայն Ժողովրդական ճակատը տեղի խորհրդարանում կայուն մեծամասնություն էր ձևավորել։

Ահմեդի իշխանությունը Տիգրայի ընտրություններն ապօրինի համարեց։ Նահանգի ղեկավարությունն իր հերթին հրաժարվեց ենթարկվել կենտրոնական կառավարությունը, նշելով, որ նրա ղեկավարության ժամկետներն անցել են, իսկ նոր ընտրություններ չեն կայացել։