Կառավարության կողմից այսօր հաստատված նախագծով՝ պատերազմի ընթացքում զավակ կորցրած ծնողներին՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով, կրկին հնարավորություն կընձեռնվի երեխա ունենալ և, ինչպես նշել է նախագիծը ներկայացնող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «վերագտնել իրենց»։
«Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում որդեկորույս ծնողների՝ կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում պետական աջակցություն տրամադրելու կարևորությունը, նախագծով սահմանվել է շահառուների նոր խումբ և նրանց համար վերացվել են գործող որոշմամբ սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները, ինչը հնարավորություն է տալիս արցախյան պատերազմի ընթացքում զոհվածների ծնողներին՝ ցանկության և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում, օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից։
Սույն որոշմամբ պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառահետևանքային կապով զոհված որդու ծնողների համար չեն գործի անզավակ լինելու օրենքով սահմանված կարգով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մարմիններում գրանցված լինելու և կնոջ 42 տարեկանը լրացած չլինելու հիմնական պահանջները, որոնք գործող որոշմամբ առկա են», – տեղեկացրել է Ավանեսյանը, հավելել, որ զավակ ունենալ ցանկացողների մեծ հոսք կա, և խնդրել հաստատել նախագիծը։
Որոշումն ընդունվել է միաձայն։